Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 22-06-2017
Հայաստանում կկայանա «TIME FOR KIDS» ամենամյա փառատոնը
Հայաստանի «Բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ-ն հունիսի 23-25-ը կազմակերպում է «TIME FOR KIDS» ամենամյա հիփ-հոփ մշակույթի եւ էքստրեմալ սպորտաձեւերի միջազգային փառատոնը:

Փառատոնի մեկնարկից առաջ Հայաստանի «Բրեյք դանսի ասոցիացիա»-ի նախագահ Գարիկ Ալեքսանյանը, փառատոնի կազմակերպիչ Նարեկ Զոհրաբյանը, «ALL THE MOST» եւ «BRING IT BACK» լեգենդար խմբերի ղեկավար Յան Դը Շրիմփը մի շարք մանրամասներ ներկայացրեցին փառատոնի մասին:

Փառատոնը համարվում է յուրահատուկ, քանի որ միջոցառմանը ներգրավված են մեծ թվով մասնակիցներ արտերկրից` Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ այլ երկրներից։ Կլինեն նոր արտիստների բացահայտումներ, հանդիսատեսը հնարավորություն կունենա անմիջականորեն շփվելու արտերկրից ժամանած աշխարհահռչակ արտիստների հետ: Կազմակերպվելու են պարային եւ սպորտային դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեռք բերելու մասնագիտական նոր եւ թարմացված գիտելիքներ:



Գարիկ Ալեքսանյանը նշեց, որ իրենց ասոցիացիան արդեն 7 տարի գոյություն ունի, եւ այդ տարիների ընթացքում Հայաստանում եւ արտերկրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Այդ ծրագրերի շրջանակներում 2014 թվականից անցկացվում է «TIME FOR KIDS» փառատոնը: 

«Փառատոնին մասնակցող 13 ֆեդերացիաներին հնարավորություն է տրվելու ցուցադրական ելույթներով հանդես գալ: Փառատոնը հնարավորություն կտա բրեյք դանսի եւ հիփ-հոփի հայաստանյան եւ միջազգային պարային խմբերին միասնական հարթակում հանդես գալ, ցուցադրել իրենց ծրագրերը, ինչպես նաեւ Հայաստանի էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիաներին եւ ակումբներին հնարավորություն կընձեռի ներկայացնելու իրենց մարզաձեւերը»,- նշեց Գարիկ Ալեքսանյանը: 

«ALL THE MOST» եւ «BRING IT BACK» լեգենդար խմբերի ղեկավար Յան Դը Շրիմփը, ով 3-րդ անգամ է Հայաստանում, նշեց, որ այդ ոճերը Հայաստանում դեռ նոր են տարածվում, երիտասարդ են, սակայն ամեն բան կատարվում է պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Յան Դը Շրիմփը կիսվեց նաեւ հայաստանյան տպավորություններով. «Ես շատ երկրներում եմ եղել, սակայն Հայաստանն այն երկիրն է, ուր մշտապես ցանկացել եմ կրկին այցելել: Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է եւ ունի շատ յուրահատուկ խոհանոց»:


Ասուլիսին տեսակապի միջոցով Գերմանիայից միացավ նաեւ աշխարհահռչակ «Flying Steps» խմբի ղեկավար, մեր հայրենակից, փառատոնի մրցավար Վարտան Բասսիլը։ Նա անհամբեր սպասում է Հայաստանում փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը, որպեսզի իր փորձով ու գիտելիքներով կարողանա կիսվել եւ օգտակար լինել: 

Հարցին, թե արդյոք այդ մարզաձեւերը վտանգ չեն ներկայացնում երեխաների եւ երիտասարդների համար, փառատոնի կազմակերպիչ Նարեկ Զոհրաբյանը փաստեց, որ ցանկացած սպորտաձեւ ռիսկեր պարունակում է, սակայն եթե կա պրոֆեսիոնալի կողմից տրվող ցուցումներ ու աշխատանք, ապա հնարավոր է ապահովել անվտանգությունը: Ուստի մասնագետների ժամանումը եւս պատահական չէ, քանի որ նրանք իրենց պրոֆեսիոնալ ցուցումներով կօգնեն երեխաներին եւ երիտասարդներին:

Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն աշխարհահռչակ հիփ-հոփի ներկայացուցիչներ: Հիմնական ծրագրում ընդգրկված են բրեյք դանս (Bboying), բիթ բոքսինգ (Beatboxing), գրաֆիտի (Graffiti), տոնախմբության վարպետ (MGing), իսկ էքստրեմալ սպորտաձեւերից՝ պարկուր. ֆրիրան (Freerun, Parkour),  ժայռամագլցում (Cliffhanger), հեծանվային խաչաձեւոմ (BMX), գլորասահք (Skateboarding), ցատկացանց (Batut), կապոեյրա (Capoeira), սլեքլայն (Slackline), փողոցային բասկետբոլ (Streetball), ավտո-դրիֆտինգ (Car drifting), բակային մարզումներ (Street Workout): 



Նշենք, որ հունիսի 23-ին եւ 24-ին (14:00-22:00) կանցկացվեն հիփ-հոփի եւ բրեյք դանսի մենամարտերը եւ էքստրեմալ սպորտաձեւերի ցուցադրությունները (Պարույր Սեւակի 11 շենքի մարզատարածքում), իսկ հունիսի 25-ին՝ Ազատության հրապարակում (17:00) տեղի կունենան շոու ծրագիր եւ հիփ-հոփի, բրեյք դանսի եզրափակիչ մրցելույթները: