Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 24-06-2017
Աշխարհի առաջնության կազմակերպումը հուսալի ձեռքերում է
Ռուսաստանի իշխանությունները շարունակում են աջակցել, որպեսզի երկրում սպասվող գլխավոր մարզական միջոցառումը՝ ֆուտբոլի 2018 թ.-ի աշխարհի առաջնությունը, դառնա ֆուտբոլային տոն բոլոր ազգությունների համար:

Ռուսաստանում ապրող, ինչպես նաեւ արտերկրից ժամանած բազմաթիվ երկրպագուների եւ Կոնֆեդերացիաների գավաթին հավատարմագրված լրագրողների համար բազմաթիվ հարմարություններ են ստեղծվել՝ ֆուտբոլային մրցաշարին առանց դժվարությունների մասնակցելու համար: Ամենից կարեւոր հարմարությունը քաղաքային տրանսպորտի հարմարեցվածությունն է մրցաշարը հյուրընկալած բոլոր 4 քաղաքներում: Օրինակ՝ Մոսկվայի պարագայում ավելացվել է ոչ միայն տրանսպորտային միջոցների քանակը, այլեւ արդեն որոշակի ժամանակ է՝ բացվել է մետրոյի նոր կայարան՝ դեպի «Սպարտակ Արենա» ստադիոն արագ հասնելու համար: Իհարկե, ոչ բոլոր վայրերում, սակայն կենտրոնական հատվածներում առկա են ինֆորմացիոն կենտրոններ: Ամենակարեւորը՝ օդանավակայաններում առկա են հատուկ կենտրոններ, որտեղ կամավորները պատրաստ են թե՛ Ռուսաստանի քաղաքացիներին, թե՛ արտասահմանցիներին օգնելու, ցանկացած խնդրի հնարավորինս արագ լուծում գտնելու համար:



Երկրորդ կարեւոր հարմարությունն անվտանգությունն է: Այն հասցված է առավելագույն մակարդակին: Իհարկե, գուցե այն իսկապես ավելին է, քան անհրաժեշտ է, սակայն անգամ ոստիկանների ու անվտանգության ծառայողների հետ հանդիպումները օտարերկրացիների համար անհարմարություն չեն պատճառում: Ցանկացած խնդրի փորձում են արագ արձագանքել ու լուծումներ առաջարկել: Օրինակ՝ հավատարմագրված լրագրողների՝ միջքաղաքային տեղաշարժի ապահովման համար հունիսի 22-ից գործում են անվճար երթուղիներ: Լրագրողների հավատարմագրերը եւ անձնագրային տվյալները բավարար են անվճար միջքաղաքային տրանսպորտի տոմսեր ձեռք բերելու համար: Մինչ այդ այդպիսի հնարավորություն ունեին միայն ֆանատական նույնականացման քարտեր ունեցող երկրպագուները, որոնք օգտվում էին միջքաղաքային անվճար տրանսպորտից:

Լրագրողները մրցաշարը հյուրընկալող քաղաքներում եւս քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն ունեն: Հավատարմագրերի հետ տրվում են հատուկ քարտեր, որոնք անվճար են դարձնում քաղաքային տրանսպորտային միջոցներից օգտվելը: Եթե լրագրողները ունեն տեխնիկական խնդիրներ, ապա գործում է շուրջօրյա արագ արձագանքման խումբը, որին դիմելու դեպքում խնդիրն արագ հարթվում է:

Իհարկե, որոշակի անհարմարություններ եւս առկա են: Յուրաքանչյուր քայլափոխի կարող է կանգնեցնել անվտանգության աշխատակիցը եւ պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: 

Վերոնշյալ դրական փոփոխությունները գոհացնում են նաեւ Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ են հետեւում Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարին, չնայած ստադիոն հաճախելու մեծ ցանկություն չունեն՝ բողոքելով, որ տոմսերը թանկ են: