Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 24-06-2017
Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի Ազնավուրի անվանական աստղը
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտնվել է այն հանրահայտ արվեստագետների ցանկում, ովքեր իրենց անվանական աստղն են ստանալու Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Ցանկում տեղ են գտել նաեւ դերասաններ Ջինա Լոլոբրիջիդան, Կիրսթեն Դանստը, Ջեֆ Գոլդբլումը, Ռիչարդ Բրենսոնը, Սայմոն Կաուելը եւ ռեփեր Սնուփ Դոգը: 
Այդպիսի որոշում կայացրել է Փառքի ծառուղու ընտրական հանձնաժողովը, որի նախագահ, ռեժիսոր, պրոդյուսեր Վին Դի Բոնան նշել է, որ Փառքի ծառուղու ընտրական հանձնաժողովը մեծ ուրախությամբ է հայտնել անվանական աստղ ստացողների անունները: 

«Մենք մանրամասն ուսումնասիրել են յուրաքանչյուր թեկնածուի եւ կարծում ենք, որ մեզ հաջողվել է իսկապես տաղանդավոր մարդկանց ընտրել, ովքեր ունեն երկրպագուների մեծ բանակ եւ սիրված են ամբողջ աշխարհում»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ անվանական աստղ կրող յուրաքանչյուր անձ հպարտ կլինի Հոլիվուդի մի մասը հանդիսանալու համար: 

Անվանական աստղերի բացման արարողությունը տեղի է ունենալու 2018 թվականին: 

Հիշեցնենք, որ 2016 թվականին Կալիֆորնիայի հայերի նախաձեռնությամբ Հոլիվուդի Փառքի ծառուղու հակառակ կողմում` «Pantages» թատրոնից ոչ մեծ հեռավորության վրա, բացվել էր Շառլ Ազնավուրի աստղը: Պատվավոր միջոցառման շրջանակում Կալիֆորնիա նահանգի սենատոր Քեւին դե Լեոնը շանսոնյեին հանձնել էր Լոս Անջելեսի խորհրդանշական բանալին:

Նշենք նաեւ, որ Հոլիվուդի Փառքի ծառուղին գտնվում է Լոս Անջելեսի հյուսիս-արեւելքում: Ծառուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1960 թվականի նոյեմբերի 23-ին: