Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 25-06-2017
Հնդկական գույների տոնը Երեւանում
Արդեն երկրորդ անգամ է, ինչ հնդկական «Color Party»-ը մեծ շուքով տոնում են նաեւ Երեւանում:

Երիտասարդները հավաքվում են, միմյանց վրա գունավոր ներկափոշիներ լցնում եւ գույների հետ մեկտեղ գունավորում եւ բարձրացնում իրենց տրամադրությունը: Գույների փարթին հնդկական տոների շարքում է, եւ այն անվանում են Հոլի: 

«Ինչպես Վարդավառը Հայաստանում, այնպես էլ՝ Հոլին Հնդկաստանում: Մենք փարթի ենք կազմակերպում, չենք նշում որպես տոն: Մարդիկ իրար վրա գունավոր ներկեր են լցնում, տարածում են օդում, որը լիցքաթափում է, մի պահ կտրում  առօրյայից եւ ուրախ տրամադրություն է պարգեւում երիտասարդներին»,- ասում է միջոցառման կազմակերպիչներից Արթուր Ոսկանյանը:

Նա նաեւ փաստում է, որ պատրաստվում են նմանօրինակ միջոցառում անցկացնել նաեւ Հայաստանի մյուս քաղաքներում:

Միջոցառման մասնակիցներն էլ նշում են, որ շատ դրական էմոցիաներ ունեն գույների տոնից. «Լիաթոք զվարճանում ենք, երիտասարդների համար շատ լավ միջոցառում է»,- մեզ հետ իր տպավորություններով կիսվեց ամբողջովին ներկված, կարմրադեղնավուն դեմքով Արամ Մովսիսյանը:

Միջոցառման ամբողջ ընթացքում բարձր, ուրախ  տրամադրությունը չէր լքում ներկված երիտասարդներին:

Հոլին Հնդկաստանում

Հոլին Հնդկաստանի ամենագունեղ եւ վառ տոներից մեկն է: Ավանդության համաձայն` Հոլիի տոնակատարությունից մի քանի շաբաթ առաջ երիտասարդները շրջում են իրենց բնակավայրերի տարածքում` տոնի կրակի համար վառվող նյութեր փնտրելու համար: Յուրահատուկ քաջություն է համարվում գտածը վերցնել` առանց թույլտվություն ստանալու:

Հոլի տոնակատարությանը երեկոյան խարույկներ են վառում, եւ տեղի հայտնիները երգում ու պարում են` զվարճացնելով հանդիսատեսին: Երկրորդ օրը բոլոր տղամարդիկ եւ կանայք, տարեցներն ու երեխաները իրար վրա ներկափոշիներ եւ ներկաջուր են ցողում: Հավատալիքի համաձայն` մարդու զգեստները որքան առատորեն պատվեն գույներով, այնքան շատ լավ բարեմաղթանքներ կուղղվեն նրա հասցեին:

Հոլի տոնը նշվում է` իր հիմքում ունենալով մի շարք հնդկական հավատալիքներ: Դրանցից մեկը Հոլիկայի մասին առասպելն է: Ըստ առասպելի` Հոլիկան, ով ուներ կրակի միջով անվնաս անցնելու հատկություն, եղբոր ցասումից նրա որդուն փրկելու համար տղայի հետ կրակն է նետվում: Վիշնա աստծո բարեխոսությամբ` տղան փրկվում է, բայց Հոլիկան մահանում է, քանի որ չի իմանում, որ իր ունակությունը կորցնում է ուժը, եթե նա կրակն է մտնում ոչ մենակ:

Հոլի տոնը նշվում է նաեւ աստված Կրիշնայի եւ Ռադխայի անմահ սիրո հիշատակին: Լեգենդի համաձայն` երիտասարդ Կրիշնան գանգատվում է մորն այն մասին, թե ինչու է Ռադխայի դեմքն այդքան լուսավոր, իսկ իրենը՝ այդքան մութ: Մայրը որդուն խորհուրդ է տալիս բազմերանգ գույներով ներկել Ռադխայի դեմքը եւ տեսնել, թե նրա գույնն ինչպես կփոխվի:

Այժմ էլ Հոլիի տոնակատարությունների ժամանակ Կրիշնայի եւ Ռադխայի պատկերները դուրս են բերվում փողոց եւ ներկվում բազմագույն: Հոլին հատկապես ուրախ են տոնում Մատխուրայի մոտ գտնվող գյուղում` Կրիշնայի ծննդավայրում:

Պատկերասրահ՝ «Color Party» Երեւանում