Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 26-06-2017
Մեկնարկել է Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը
Հունիսի 25-ից 30-ը կազմակերպվում է Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը: Մինչ փառատոնի մեկնարկը ստեղծագործական անձնակազմը հանդիպեց լրագրողների հետ:

Օպերայի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը նշեց, որ այդպիսի փառատոներն աշխարհում շատ քիչ են. «Յուրահատուկ ձեւաչափով փառատոն է, որով հետաքրքրված են աշխարհի տարբեր կետերի երաժիշտներ։ Մոտ 3 տարի առաջ այդպիսի փառատոն կազմակերպվեց Թբիլիսիում եւ մեծ հաջողություն ունեցավ։ Եվրոպացիների համար դա շատ յուրահատուկ փառատոն է, որին ցանկանում են անպայման մասնակցել»:



Անդրանիկ փառատոնի շրջանակում կլինեն պրեմիերաներ, իսկ արդեն հաջորդ տարի փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ շեփորահար Արթուրո Սանդովալին: Ինչպես նշեցին բանախոսները, փառատոնի շրջանակում մրցութային ծրագիր չի նախատեսվում, քանի որ այն մրցույթ չէ, այլ փորձի փոխանակմանն ուղղված փառատոն է, որի ընթացքում կլինեն նաեւ վարպետության դասեր։ 



Բանախոսների հավաստմամբ՝ Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը կկրի շարունակական բնույթ՝ յուրաքանչյուր տարի Հայաստան բերելով բազմաթիվ հայտնի անուններ: 



Փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանն ուրախ է, որ փառատոնն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ երկրներում:



Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ: Վ. Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ համագործակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է:



Փառատոնին աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:

Փառատոնին այս տարի մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից: