Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-06-2017
«Լավագույն թաքնված գանձերը». Սեւանը՝ Եվրոպայի ամենահիասքանչ հանգստավայրերի ցանկում
Ամառային արձակուրդը շարունակվում է: Շատերն արդեն հասցրել են վայելել իրենց հանգիստը, իսկ ոմանք էլ դեռ չեն կողմնորոշվել հանգստավայրի ընտրության առումով:

Մեզ՝ հայերիս համար լավագույն հանգստյան վայրը եղել ու շարունակում է մնալ Սեւանա լիճը: Պարզվում է, որ կապուտաչյա Սեւանը հիանալի հանգստի վայր է ոչ միայն մեզ, այլեւ եվրոպացիների համար: 

«Business Insider»-ը հրապարակել է «Mastercard» միջազգային վճարային համակարգի կողմից ընտրված Եվրոպայի ոչ հանրահայտ, սակայն մատչելի զբոսաշրջության ուղղությունները: Ցանկում տեղ է գտել նաեւ Սեւանա լիճը: 

Հրապարակված ցանկը կոչվում է «Լավագույն թաքնված գանձերը»:

«Լավագույն թաքնված գանձեր»-ում խոսվում է Հայաստանի մասին: Նշվում է, որ Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, որը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այն կարծես վանքերի բացօթյա թանգարան լինի: Ցանկացած զբոսաշրջիկ պետք է այցելի Սեւանավանք, որտեղից հրաշալի եւ զարմանալի տեսարան է բացվում: Նշվում է նաեւ, որ Սեւանա լիճը քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր լճերից մեկն է աշխարհում: 

«Mastercard»-ը նշում է, որ չնայած Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, սակայն զբոսաշրջությունն այնքան էլ զարգացած չէ, իսկ գները շարունակում են ցածր մնալ: 

Նշենք, որ «Business Insider»-ի առանձնացրած 19 զբոսաշրջային վայրերի ցանկում Սեւանը զբաղեցնում է 19-րդ տեղը: Ցանկում ներառված են նաեւ մի շարք երկրներ՝ Նիդեռլանդները, Ալբանիան, Լատվիան, Ռումինիան, Լեհաստանը, Հունաստանը, Էստոնիան եւ այլն: