Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 27-06-2017
Երեւանում տեղի կունենա Կիթառի միջազգային 3-րդ փառատոնը
Մայրաքաղաքում առաջիկա օրերին կմեկնարկի Կիթառի միջազգային 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն տարբեր երկրների ճանաչված երաժիշտներ:

Այս տարի Կիթառի միջազգային 3-րդ փառատոնը համերգներով հանդես կգա  նաեւ մայրաքաղաքից դուրս: Փառատոնի կազմակերպիչներն են Երեւանի կիթառահարների եւ Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները:



Այսօր կայացած մամուլի ասուլիսում փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը եւ «Paris Guitar Foundation»-ի նախագահ, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ագուստին Պեսնոնը մանրամասներ հայտնեցին փառատոնի մասին:

Ժորա Սարգսյանը՝ որպես փառատոնի գեղարվեստական ղեկավար, շատ կարեւոր է համարում այդ փառատոնի անցկացումը, քանի որ հրավիրված երաժիշտները եւ հայ երիտասարդները կարողանում են համագործակցել եւ արդյունավետ փորձի փոխանակում իրականացնել: 



«Պետք է փաստեմ, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնը կառանձնանա ծրագրով, ինչպես նաեւ չեն լինի ծրագրային կրկնություններ»,- նշեց Ժորա Սարգսյանը:

Այս տարի մրցույթի շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանում կլինի աննախադեպ իրադարձություն՝ հայ եւ վրացի երիտասարդները, նվագախմբեր ձեւավորելով, կնվագեն միասին: 

Ագուստին Պեսնոնը, ով առաջին անգամ է Հայաստանում, ծանոթ է Արամ Խաչատրյանի եւ Կոմիտասի արվեստին: Նրա խոսքով՝ հայկական երաժշտությունը ոչ մի երաժշտության հետ չես կարող համեմատել, այն ծանրությունը, բարդությունն ու խորությունը, որ ունի հայկական երաժշտությունը, չես հանդիպի այլ տեղ: «Ձեր երաժշտությունը ներսից է, ավելի խորը»,- նշեց նա: 



Փառատոնի մասին հյուրը վաղուց է լսել եւ սիրով համաձայնել է մասնակցել: Վերջինս շատ բարձր է գնահատում հայ երիտասարդների ընդունակություններն ու կատարողական արվեստը:

«Նման երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ու որտեղ կան այդքան շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ, պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի նրանց օգնենք կատարելագործվելու»,- նշեց Ագուստին Պեսնոնը: Նա նաեւ վարպետության դասեր է անցկացնելու հայ երիտասարդների հետ:

Նշենք, որ փառատոնը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 9-ը: