Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-06-2017
«Միլանի» նախագահը վախեցնում է Դոնարումային
18-ամյա դարպասապահին սպառնում են թույլ չտալ խաղալ ակումբում, եթե նոր համաձայնագիր չկնքի:

Իտալական «Միլանի» նախագահ Լի Յոնհոնգը վերջերս կրկին լրագրողների հետ խոսել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Գործարարը հայտարարել է, որ ամենեւին էլ մտահոգված չէ, թե ինչ կլինի Դոնարումայի հետ, եթե վերջինս շարունակի մտորել պայմանագիրը չերկարաձգելու շուրջ:



Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2018 թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերն արդեն հայտարարել են, որ այն չեն երկարաձգի: Այդ մասին խոսել է նաեւ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

Վերջերս «Միլան» ակումբը ձեռք բերած չինացի գործարար Լի Յոնհոնգի խոսքով՝ ինքը իտալական ակումբը ձեռք բերելու համար ավելի քան 800 մլն եվրո է ծախսել. «Դոնարումային 40 մլն եվրոյով վաճառելու դեպքում մենք չենք հարստանա: Որպես պատիժ՝ նա ամբողջ մրցաշրջանի ընթացքում հաստատ կնստի տրիբունաներում»:



Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միլանի» տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտնել էր, որ Դոնարուման վերջնականապես որոշել է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: