Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-06-2017
Ա. Հարությունյանի անվան միջազգային փառատոնին մասնակցում են երաժիշտներ տարբեր երկրներից
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը հունիսի 25-ից 30-ն առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը:

Անդրանիկ փառատոնի շրջանակում ներկայացվում են երեւանյան պրեմիերաներ: Հունիսի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ փառատոնային հերթական համերգը: Հնչեցին Հարությունյանի, Մոցարտի, Խաչատրյանի,Պասկուլիի ստեղծագործություններից: Ելույթներով հանդես եկան երաժիշտներ Շվեյցարիայից, Սլովենիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Գերմանիայից ու Հայաստանից: 



«Մեզ համար շատ կարեւոր են երաժշտական շփումը եւ այն ստեղծագործական մթնոլորտը, որ տիրում է: Բոլորովին անծանոթ երաժիշտներ հավաքվել են ու նվագում են հայ եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք գրվել են փողային գործիքների համար: Անշուշտ, արվել են նաեւ որոշակի փոխադրումներ: Մենք ընտրել ենք այնպիսի ստեղծագործություններ, որոնք Հայաստանում գրեթե չեն կատարվում: Հույս ունենք, որ հայ կոմպոզիտորները հատուկ փառատոնի համար կգրեն ստեղծագործություններ»,- մեզ հետ զրույցում ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանը:  



Նշենք, որ
Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը կկրի շարունակական բնույթ՝ յուրաքանչյուր տարի Հայաստան բերելով բազմաթիվ հայտնի անուններ: Ի դեպ, փառատոնի շրջանակում կազմակերպվում են նաեւ վարպետության դասեր, ինչը Կարեն Դուրգարյանը շատ է կարեւորում: «Ալեքսանդր Հարությունյանն այն կոմպոզիտորներից է, որի գործերը շատ են հնչում Եվրոպայում: Նրա «Շեփորի կոնցերտը» հայտնի է ամբողջ աշխարհում, բոլոր միջազգային մրցույթները ներառում են այդ կոնցերտը: Մեզ համար պատիվ է, որ մրցույթը կրում է Ալեքսանդր Հարությունյանի անունը: Նրա շնորհիվ փորձում ենք երիտասարդ սերնդի համար ճանապարհ հարթել»,- հավելեց Կարեն Դուրգարյանը: 



Փառատոնի միջոցով կազմակերպիչները ցանկանում են իրենց երախտիքի ու հարգանքի խոսքն ուղղել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին՝ նոր շունչ եւ երանգներ հաղորդելով նրա հայտնի ու դեռեւս չկատարված աշխատանքներին:

Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համագործակցությամբ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: