Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-06-2017
«Ապագան ունի ասելիք». կայացավ «TEDxKids@Yerevan» 6-րդ միջոցառումը
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցավ «TEDxKids@Yerevan» 6-րդ միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային «TED» կազմակերպության կողմից եւ առաջնորդվում է «TED»-ի` «Գաղափարներ, որոնք արժանի են տարածման» կարգախոսով:



Միջոցառմանը, որը կրում էր «Ապագան ունի ասելիք» խորագիրը, ներկա էին մոտ 300 երեխաներ Երեւանից եւ մարզերից: Ելույթներով հանդես եկան 12-16 տարեկան մոտ 20 բանախոսներ, ովքեր իրենց ելույթներում բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, առաջարկեցին լուծման տարբերակներ, առաջ քաշեցին հետաքրքիր եւ ապագայի տեսլական ունեցող գաղափարներ: 

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «TEDxKids@Yerevan»-ի կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանը նշեց, որ նման միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը հայ երեխաներին լսելի եւ տեսանելի դարձնելն է ամբողջ աշխարհում, որպեսզի նրանք կարողանան իրենց գաղափարներով եւ տեսակետներով կիսվեն:



«Շատ լավ կլինի, որպեսզի նրանց ձայնն իսկապես լսեն հասուն տարիքով մարդիկ: Շատ հաճախ մենք՝ մեծերս, չենք լսում երեխաներին, հաշվի չենք առնում նրանց կարծիքներն ու տեսակետները, հաճախ թաքնված անհանգստությունները, չենք դիտարկում երեխաներին որպես գիտակից էակներ, քանի որ մտածում ենք, որ փոքր են, չեն հասկանա, չեն ընկալի: Այս 7 տարիների ընթացքում, որ աշխատել եմ երեխաների հետ, կարող եմ փաստել, որ նրանք առավել խորությամբ են որոշ հարցեր ընկալում ու հասկանում, քան մեծերը»,- նշեց կազմակերպիչը: 



Այն հարցին, թե ինչ մասնագիտական կողմնորոշվածություն ունեն երեխաները եւ որ ոլորտներում են ցանկանում փոփոխություններ իրականացնել, Քրիստինե Սարգսյանը նշեց, որ իրենք երբեք երեխաներին չեն կողմնորոշում, այլ երեխաներն են ընտրում իրենց ուսումնասիրությունների շրջանակը՝ սկսած քաղաքականությունից վերջացրած բնագիտական ոլորտով: Երիտասարդները բավականին փորձառու են, քանի որ որոշակի փուլեր են հաղթահարել: Երեխաները բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարում իրենց ընտրած թեմայով: Մոտ 6 ամիս զբաղվում են իրենց ընտրած թեմաներով, խոսում ոլորտի մասնագետների հետ, կարծիքներ հավաքագրում եւ, ըստ այդմ, կատարում իրենց վերլուծությունն ու առաջ քաշում դրույթներ ու գաղափարներ:



Այն հարցին էլ, թե արդյոք առաջարկները կիրառելի են եւ համապատասխան հայաստանյան պայմաններին ու չափանիշներին, Քրիստինե Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր առաջարկ դիտարկվում է ու փորձ արվում կիրառել:

«Իրականում երեխաները շատ հստակ ու կոնկրետ հարցեր են առաջ քաշում, որոնք առկա են, եւ որոնք բարձիթողի են: Աղջիկներից մեկն առաջ է քաշել մի խնդիր, որը իսկապես կարեւոր է: Խոսքը կրթական ոլորտի մասին է, թե ինչու մենք չենք կարող որակյալ կրթություն ստանալ հենց Հայաստանում, այլ ոչ թե այլ երկրների բուհերում: Այսօր ցանկացած երեխայի երազանքը որակյալ կրթություն ստանալն է»,- ասաց նա:



Կրթական ոլորտի հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնող Մարիամ Հարությունյանը կարծում է, որ կրթություն ստանալու համար ամենեւին էլ պարտադիր չէ լքել Հայաստանը, այլ պարզապես անհրաժեշտ է որոշակի մոդել, որը կնպաստի, որպեսզի երեխաները չձգտեն դրսում կրթվել: Մարիամը կարեւորում է Համաշխարհային բանկի կողմից արված հետազոտության 3 կետերը՝ դասախոսական անձնակազմ, բյուջե, կրթական ազատություն: 

«Այս 3 կետերը բավականին խորքային են, ուստի դրանց շրջանակներում եթե փորձենք ուսումնասիրել ու հասկանալ՝ ինչ ունենք, ինչ՝ ոչ, ապա հնարավոր է փոփոխություններ կատարել»,- նշեց նա:



Երեխաների բարձրաձայնած խնդիրները բազմազան էին ու բազմաբովանդակ: Մասնավորապես խոսվեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի, Սեւանի աղտոտվածության, համայնքային աղբահանության, անտառահատումների, Հայաստանում գիտական ոլորտի զարգացման, հաշմանդամների նկատմամբ ունեցած վերաբերմունքի, խտրականությունների, ինքնակրթության եւ այլ թեմաների մասին, որոնց հետ մենք բախվում ենք մշտապես:  

Նշենք, որ «TEDxKids@Yerevan 2017»-ն իրականացվել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության եւ նրանց աջակցության շնորհիվ: