Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 28-06-2017
Եվրոպայի չեմպիոններն ընդդեմ Հարավային Ամերիկայի «հերոսների»
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը թեւակոխել է եզրափակիչ փուլ. Կազանում սպասվում է Պորտուգալիա-Չիլի կիսաեզրափակչի առաջին խաղը:

Թաթարստանի գլխավոր ստադիոնում՝ «Կազան Արենայում», այսօր Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան ուժերը չափելու է Կոպա Ամերիկայի չեմպիոնի՝ Չիլիի հավաքականի հետ: Թե՛ հաղթող, թե՛ պարտվող թիմերը կշարունակեն պայքարը, սակայն եթե հաղթողին սպասում է Սանկտ Պետերբուրգում կայանալիք եզրափակիչը, ապա պարտվող թիմը կխաղա Մոսկվայի «Սպարտակ Արենայում»՝ մրցաշարի 3-րդ տեղի համար:



Մրցաշարի եզրափակչում խաղալու փորձ Չիլին չունի, Պորտուգալիան՝ նույնպես. երկու թիմերն էլ լիովին նորեկ են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում: Անփորձ լինելը, սակայն, գլխավոր խնդիրներից չէ Եվրոպայի չեմպիոնի համար: Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը խաղից առաջ վստահություն է հայտնել, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում անփորձությունը կարելի է մոռանալ, եթե թիմը նվիրված խաղ ցուցադրի. «Տղաները նվիրված խաղ են ցուցադրել նախորդ հանդիպումներում, ինչն օգնել է բարձունքի հասնել: Չիլին ուժեղ է, հատկապես թիմային կուռ խաղ է ցուցադրում, բոլոր ֆուտբոլիստները նվիրված են գլխավոր նպատակին: Մենք եւս այդպիսին ենք: Մենք պատրաստ ենք դիմակայությանը»:



Ինչպես Պորտուգալիան, այնպես էլ Չիլին երկրորդ խաղն է անցկացնելու Կազանում: Երկու թիմերն էլ «Կազան Արենայում» ոչ-ոքի են խաղացել: Պորտուգալիան չի կարողացել հաղթել Մեքսիկային, իսկ Չիլին չի պարտվել Գերմանիային:

Չիլիացիների գլխավոր մարզիչը՝ Խուան Անտոնիո Պիցցին էլ վստահ է, որ իր թիմի առաջատար խաղացողները կկարողանան արդյունք ապահովել, քանի որ Ռուսաստան եկել են հաղթելու համար. «Շատերի համար Չիլին այս մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է, սակայն ֆուտբոլը թիմային մարզաձեւ է: Հաղթում է այն թիմը, որն ավելի լավ է պատրաստ խաղին: Հավակնորդները հաճախ տապալվում են»:



Պորտուգալիա-Չիլի հանդիպումը երկրպագուների շրջանում հետաքրքիր է նաեւ անհատական հակամարտություններով: Պորտուգալացիների առաջատար Ռոնալդուին կդիմակայի դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով ժամանակին խաղում էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր ախոյան կատալոնական «Բարսելոնայում»: Չիլիի հարձակման առաջատար Ալեքսիս Սանչեսը եւս «Բարսելոնայում» խաղալու փորձ ունի, սակայն այս մրցաշարում դեռ չի փայլել այնպես, ինչպես չիլիացիներն են սպասում:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Թաթարստանում եւ ամբողջ Ռուսաստանում: Սպասվում է, որ խաղին տրիբունաները լեփ-լեցուն կլինեն եւ կապահովեն համապատասխան մթնոլորտ, որի մասին Ռուսաստանում դեռ երազում են. մրցաշարի շատ խաղեր անցնում են 75-80 տոկոսի չափ լեցուն ստադիոններում: