Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-06-2017
Տեղի ունեցավ «Color Pop» խաղի առաջնությունը
«Color Pop». այսպես է կոչվում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության մշակած խաղը: Անհրաժեշտ է հավաքել բոլոր օղակները, որոնք համապատասխանում են ներքեւի գծանշման գույնին, եւ թեթեւակի հպումով պայթեցնել մնացածը:

Խաղի առաջնության մասնակից 9-ամյա Վահեն կանոնները բացատրելուց հետո նշեց դժվարություններն ու հաղթելու պայմանները. «Պետք է չլարվես խաղալիս, թե չէ կպարտվես: Ընթացքում փոխվում են գույները. փոխվելուց հետո հաճախ մոռանում ես ու շփոթվում»:



Մինչեւ մրցույթին մասնակցելը Վահեն արդեն 100 միավոր կարողացել էր հավաքել: Ամեն ինչ անում էր հաղթելու համար: Նշում է՝ մրցանակը ոգեւորիչ է. «Բոլորն էլ նվերներ ստանալու են, բայց ամենալավն այն է, որ հաղթողն «ArmPhone» հեռախոս է շահելու»: 



«Ամի» ակումբի հիմնադիր-տնօրեն Նելլի Խաչատրյանի խոսքով՝  «Color Pop» խաղը մարզում է ուշադրությունն ու արագ կողմնորոշվելու կարողությունները:  



«Մեր ակումբում հեռախոսներ, պլանշետներ եւ նման սարքեր չեն օգտագործվում: Սակայն ամռանն անհրաժեշտ է՝ գոնե մեկ օր լինի, որպեսզի նրանք զվարճանան: Երեխաների ցանկություններն էլ պետք է հաշվի առնել»,- մեզ հետ զրույցում նշեց նա: 



Ակումբի եւ «Թի-Էս-Դի» ընկերության միջեւ համագործակցությունը նոր չէ: «Ամի»-ի սաներն այցելել էին ընկերություն, ծանոթացել վերջինիս աշխատանքին: Դրանից հետո էլ ծնվել էր 8-16 տարեկան խաղասերների միջեւ առաջնություն կազմակերպելու գաղափարը: 



Եզրափակիչ փուլ անցավ 3 մասնակից: Մրցույթին կարելի է մասնակցել նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Լավ արդյունքներ գրանցածները կմրցեն օգոստոսին: 

Խաղը հասանելի է «Google Play» եւ «iTunes» հավելվածներում:

Հավելենք, որ միջոցառման ընթացքում «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամը ներկայացրեց նաեւ «Թի-Էս-Դի» ընկերության կողմից մշակված այլ հավելվածներ եւ կրթական լուծումներ։