Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-06-2017
Ինչքա՞ն արժե Քրիշտիանու Ռոնալդուն
Մադրիդի «Ռեալի» առաջատարի հավանական տրանսֆերը մեկ այլ ակումբ կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն մտադրվել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» երկու խաղացողի: 

Հեղինակավոր «Tuttosport» պարբերականը պնդում է, որ խոսքը մադրիդյան ակումբի հարձակվողների՝ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ալվարո Մորատայի մասին է: Երկու ֆուտբոլիստի փոխարեն մանչեսթերյան ակումբը համաձայն է շուրջ 210 մլն եվրո եւ իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային առաջարկել: Վերջինս իսպանական գրանդի տրանսֆերային նպատակն է արդեն մի քանի մրցաշրջան: Ըստ հեղինակավոր պարբերականի՝ գործարքի կայացման դեպքում իտալական «Միլանի» 18-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», այլ կմտածի Թուրինի «Յուվենթուս» տեղափոխության մասին:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆին անձամբ է տեղեկացրել Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշին 32-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրության մասին՝ պատրաստ լինելով պորտուգալացու տրանսֆերի համար ավելի քան 140 մլն եվրո վճարել: Անձամբ պորտուգալացի ֆուտբոլիստին Փարիզում պատրաստ են ոչ միայն գրկաբաց ընդունել, այլեւ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ վճարել: Այս տեսանկյունից Ռոնալդուն ֆինանսական առումով շահեկան դիրքում է:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն իսպանական դատարանի կողմից մեղադրվում է 2011-2014 թվականների ընթացքում 14.7 մլն եվրո չափով հարկային վճարումներից խուսափելու մեջ: