Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-06-2017
Փոքրիկ հրաշամանուկը. Դմիտրի Իշխանովը հանդես կգա Հայաստանում
Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։ Չնայած տարիքին՝ հայկական արմատներով պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում՝ լավագույն նվագախմբերի հետ:

Հուլիսի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Իշխանովը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում նվագախումբը կկատարի Վարդան Աճեմյանի 3-րդ սիմֆոնիան լարային նվագախմբի համար, Դմիտրի Կաբալեւսկու Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: 
 
Պատանի վիրտուոզն ու նրա հաղթարշավը  

Դմիտրի Իշխանովը ծնվել է 2005 թ. Մոսկվայում: 4 տարեկանում սկսել է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության, երգի ու դաշնամուրի նկատմամբ: Դմիտրին վարպետության դասեր է վերցրել այնպիսի հայտնի պրոֆեսորներից, ինչպիսիք են Պավել Գիլիլովը (Գերմանիա), Անդրեա Բոնատան (Իտալիա), Վինչենցո Վազանին (Իտալիա) եւ այլք: 

Դմիտրին մրցանակների է արժանացել այնպիսի հեղինակավոր մրցույթներում, ինչպիսիք են «Rovere D'Oro» երիտասարդ տաղանդների միջազգային մրցույթն Իտալիայում (2-րդ մրցանակ), 22-րդ պատանի դաշնակահարների միջազգային «Citta di Barletta» մրցույթը (1-ին մրցանակ), «Golden Key» դաշնակահարների միջազգային մրցույթը (1-ին մրցանակ), 25-րդ «Flame» պատանի երաժիշտների միջազգային մրցույթը (1-ին մրցանակ) եւ այլն: 

Մասնակցել է նաեւ բազում փառատոների, այդ թվում՝ հայաստանյան պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» միջազգային ու Սպիվակովի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոներին:

2016 թ. Դմիտրին Մալթան ներկայացրել է պատանի երաժիշտների «Եվրատեսիլ» (Eurovision Young Musicians) մրցույթում՝ դառնալով եվրատեսիլյան պատմության ամենաերիտասարդ արտիստնը, ով հայտնվել է եզրափակչում: 

Որպես մենակատար նա հանդես է եկել WDR Orchestra-ի, Duchi d'Acquaviva սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ ու պետական կամերային եւ այլ կոլեկտիվների հետ: 

Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Շվեյցարիայում, Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում: 

Ներկայումս պատանի վիրտուոզը սովորում է Քյոլնի երաժշտության բարձրագույն դպրոցում: Նրա ուսուցիչն է Լոլիտա Պողոսյանը, խորհրդատուն՝ պրոֆեսոր Նինա Տիշմանը: 

Ընդամենը 12 տարեկան արտիստը խոսում է չորս լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ու իսպաներեն: