Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 29-06-2017
Սիմֆոնիկ համերգ՝ հայտնի մենակատարների մասնակցությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հունիսի 28-ին ներկայացավ երկու դիրիժորների ղեկավարությամբ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված համերգին նվագախումբը ղեկավարեցին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ դիրիժոր, կոմպոզիտոր Ֆաբիան Պանիսելլոն:

Որպես մենակատարներ հանդես եկան Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ), Մարիա Նեմցովան (դաշնամուր), Վիտալի Վատուլիան (ալտ սաքսաֆոն), Բորիս Ալահվերդյանը (կլարնետ) եւ Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)։

Ներկայացվեցին Կոպլենդի, Դեբյուսիի, Յոշիմացուի, Պանիսելլոյի ստեղծագործություններից: Համերգը կազմակերպվել էր Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործընկերությամբ եւ Adam Mickiewicz Institute-ի աջակցությամբ:

Համերգի մեկնարկին ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց երեկոյի մասնակիցներին: 

«Նման համերգներն ամրապնդում են երկկողմ ընկերությունը: Այսօր ներկայացնում ենք մի համերգ, որին ելույթ են ունենում հայ եւ արգենտինացի դիրիժորներ»,- ընդգծեց դեսպանը` հավելելով, որ թեեւ Հայաստանն ու Արգենտինան բարեկամ երկրներ են, բայց ունեն տարբեր մշակույթներ: Այդպիսով, նման համերգները նաեւ ճանաչողական նշանակություն ունեն: 

Իր հերթին դիրիժոր եւ կոմպոզիտոր Ֆաբիան Պանիսելլոն լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ է հավանել Հայաստանը, ինչպես նաեւ հատուկ շեշտեց, որ Երիտասարդական նվագախմբի երաժիշտները շատ լավ են նվագում: