Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 29-06-2017
Երգի մրցույթ՝ Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ
Օգոստոսի 12-ը երիտասարդների միջազգային օրն է։ Այս տարի նույնպես Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը Գյումրիում նախատեսում է անցկացնել Երիտասարդների միջազգային օրվան նվիրված հանրային միջոցառումների շարք, որոնց նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսված են։

Ամենայն ոգեւորությամբ տեղեկացնում ենք, որ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ հայտարարում է երգի մրցույթ՝ ազդարարելով Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը։

 Ի՞նչ է պետք անել․
1. Երգ գրել։
2. Կատարել երգը եւ որեւէ եղանակով (օրինակ՝ հեռախոսով) տեսանկարել կատարումը: Երգը կարող է կատարել նաեւ ոչ երգի հեղինակը, բայց ամեն դեպքում գնահատվելու է երգը, այլ ոչ թե կատարումը:
3. Ուղարկել կատարումը manukyan@unfpa.org եւ mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեներին՝ նամակում նշելով հեղինակի/համահեղինակների եւ, եթե կատարողն ու հեղինակները տարբեր մարդիկ են, նաեւ կատարողի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, տարիքը եւ հասցեն: Եթե ֆայլը մեծ է, խնդրում ենք ուղարկել հատուկ առցանց ծառայությունների միջոցով (օրինակ՝ www.wetransfer.com):

Հեղինակին/համահեղինակներին, կատարողներին ներկայացվող պահանջները․
1. Հեղինակը/համահեղինակները, կատարողները (այդ թվում՝ երգի խոսքի հեղինակը) պետք է լինեն ՀՀ քաղաքացի։
2. Հեղինակը/համահեղինակները, կատարողները մրցույթի մեկնարկի պահին պետք է լինեն 16-ից 30 տարեկան։
3. Հեղինակը/համահեղինակները, կատարողները չպետք է լինեն արհեստավարժ (պրոֆեսիոնալ) երգահաններ/երգիչներ եւ/կամ գրողներ/բանաստեղծներ։

Երգին ներկայացվող պահանջները․
1. Երգը պետք է գրված լինի 2016 թ․հունվարի 1-ից հետո։
2. Երգը չպետք է ներկայացված լինի հանրությանը կամ մասնակցած լինի որեւէ մրցույթի։
3. Երգը պետք է լինի հայերեն։
4. Հեղինակը/համահեղինակները կարող են մրցույթին ներկայացնել մինչեւ երեք երգ։
5. Երգի համար ժանրային սահմանափակում չկա։
6. Ներկայացված երգերը պետք է հանդիսանան տվյալ հեղինակի/համահեղինակների մտավոր սեփականությունը եւ չխախտեն այլ անձանց հեղինակային իրավունքները՝ համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների» մասին ՀՀ օրենքի 65-69 հոդվածների:

Մրցույթի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում որեւէ անձի հեղինակային իրավունքների խախտման համար:

Մրցանակները․
1-ին մրցանակ՝ 200000 դրամ եւ հաղթած երգի ձայնագրություն
2-րդ մրցանակ՝ 150000 դրամ
3-րդ մրցանակ՝ 100000 դրամ

Հատուկ մրցանակ՝ սոցիալական մեդիայում հանրային համակրանքի համար

Մրցանակաբաշխությունը Գյումրի քաղաքում տեղի կունենա ս.թ. օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ:

Հայտերն ուղարկելու վերջնաժամկետն է 2017 թ․հուլիսի 17-ը՝ ժամը 17:00: Վերջնաժամկետից հետո ուղարկված եւ/կամ ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Հարցերի եւ մանրամասների համար կարող եք գրել էլ․փոստի manukyan@unfpa.org հասցեին կամ զանգահարել (010) 543417, (091) 429029 հեռախոսահամարներով։