Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-06-2017
Լոս Անջելեսում կկառուցվի «Աստղային պատերազմներ»-ի թանգարան
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել «Աստղային պատերազմներ»-ի ռեժիսոր Ջորջ Լուկասի նախագծին՝ պատմողական արվեստի թանգարանի շինարարության հետ կապված: Այս մասին գրում է ArtNewsa-ը:

Թանգարանում կզետեղվեն կտավներ, նկարազարդումներ եւ  ֆիլմերի նկարահանումների առարկաների հավաքածու: Նաեւ ռեժիսորի անհատական կինոարխիվը տեղադրելու մտադրություն կա: 

Ինչպես նշում է ինքը՝ ռեժիսոր Ջորջ Լուկասը, պատմողական արվեստի խնդիրն առասպելներ ստեղծելն է, ուստի թանգարանը կոգեշնչի նոր սերունդներին եւ ուշադրություն կհրավիրի պատմողական արվեստի «մոռացված» գաղափարի վրա:



5 հարկանի թանգարանի մակերեսը կլինի 28 հազար քառ. մետր: Շինության մոտակայքում կլինի մեծ պուրակ եւ հանրային այգի: Թանգարանում տեղ կգտնեն թատերական եւ ուսուցողական տարածքներ, գրադարան, սրճարան, ռեստորան եւ հուշանվերների խանութ: 

Նախագիծը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջորջ Լուկասը նախագծի համար հատկացրել էր մոտ 1 միլիարդ դոլար: Վերջինս թանգարանի կառուցման համար շատ երկար է այդ տարածքը փնտրել:

Նախկինում թանգարանի կառուցման համար նա դիտարկել էր նաեւ Սան Ֆրանցիսկո եւ Չիկագո քաղաքները:



Կայքի փոխանցմամբ՝ ռեժիսորը մտադիր է թանգարանին հանձնել նաեւ ամերիկացի հայտնի նկարիչ Նորման Ռոքվելի աշխատանքներն ու Դարտ Վեյդերի օրիգինալ դիմակը: