Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-06-2017
Հայկական Volterman դրամապանակը Indiegogo հարթակում հավաքել է ավելի քան 55 հազար դոլար
Հայկական Volterman դրամապանակը Indiegogo քրաուդֆանդինգի հարթակում հավաքել է 55 հազար դոլարից ավելի:

Թեեւ դրամահավաքի նախաձեռնողներն ակնկալում էին հավաքել 45 հազար դոլար, այնուամենայնիվ հավաքված գումարը գերազանցել է Indiegogo-ում առաջադրված ցուցանիշը: Ավելին, գումարն ավելանում է եւ գուցե ընդամենը վայրկյաններ անց այդ ցուցանիշը փոխվի: 

Աշխարհում տարեկան անհետանում է 30 միլիոն դրամապանակ: Ի՞նչ անել, եթե կորցրել ես դրամապանակդ. օգտագործել Volterman-ը: Հենց այս լուծումն են առաջարկում GlobalAM-ի հայ մասնագետները: 

Դրամապանակն օգնում է հեշտությամբ տեղեկանալ, թե որտեղ է այն գտնվում: Այն ծանուցումներ, հաղորդագրություններ է ուղարկում, երբ դրամապանակի եւ դրա սեփականատիրոջ սմարթֆոնի միջեւ հեռավորությունը մեծանում է: Իրականացնում է նաեւ հեռախոսի լիցքավորում: 

Ի դեպ, դրամապանակը կորցնելու դեպքում ներկառուցված տեսախցիկը նկարում է դրամապանակը բացողի դեմքը եւ լուսանկարն ուղարկում սարքի տիրոջը:

Volterman խելացի հավաքածուն ընդգրկում է 3 տեսակի՝ ճանապարհորդական, երկփեղկանի եւ քարտապան դրամապանակներ: