Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 30-06-2017
Սոչիում Գերմանիայի հավաքականը կխաղա ինչպես հայրենիքում
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնն օրեր առաջ Ռուսաստան ժամանեց ու առաջին խաղն անցկացրեց Սոչիում. այսօր գերմանացիները 3-րդ անգամ դուրս կգան «Ֆիշտ» ստադիոնի խոտածածկ:

Աշխարհի քառակի եւ գործող չեմպիոն գերմանացիները Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում միայն հաղթանակներ են տոնել խմբային փուլի խաղերում առավելության հասնելով Ավստրալիայի եւ Կամերունի հավաքականների նկատմամբ: Ավստրալացիներին Գերմանիան հաղթել է 3-2, իսկ Աֆրիկայի չեմպիոնին՝ 3-1 հաշվով: Սոչիից դուրս Գերմանիան չի հաղթել. Կազանում խաղալով Չիլիի հետ՝ գերմանացիները ոչ-ոքի՝ 1-1 ավարտեցին հանդիպումը: Այսօր Գերմանիան կարող է եզրափակչում հայտնվել միայն Սոչիում տոնած հաղթանակների շնորհիվ:

Աշխարհի չեմպիոնի մրցակիցը՝ Մեքսիկայի հավաքականը, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ցուցադրում է կամային բարձր որակներ՝ հաղթանակներ տոնելով կամ չպարտվելով առաջինը գնդակ բաց թողնելուց հետո: Այդպիսի կամային հաղթանակներից առաջինը գրանցվել է հենց «Ֆիշտ» ստադիոնում կայացած Նոր Զելանդիայի հավաքականի հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով: Մեքսիկացիները առաջին տուրում ոչ-ոքի էին խաղացել Պորտուգալիայի հետ՝ 2-2 ավարտելով Կազանում կայացած հանդիպումը, ապա վերջին տուրում կրկին Կազանում կայացած խաղում պարտության էին մատնել մրցաշարը հյուրընկալած երկրին՝ Ռուսաստանին: Գրանցվել էր 2-1 հաշիվ:

Թե՛ Գերմանիան, թե՛ Մեքսիկան մրցաշարի ամենաարդյունավետ երկու թիմերն են (Գերմանիան անցկացրած 3 խաղում խփել է 7, իսկ Մեքսիկան՝ 6 գնդակ), սակայն ի տարբերություն գերմանացիների՝ մեքսիկացիներից եւ ոչ ոք չի կարողացել մեկ գնդակից ավելին խփել. խփված 6 գնդակները գրանցվել են տարբեր ֆուտբոլիստների անվան դիմաց: Երկու թիմերն էլ խմբային փուլում վաստակել են 7 միավոր, սակայն եթե գերմանացիները կարողացել են խմբից դուրս գալ առաջին տեղով, ապա Մեքսիկային լրացուցիչ ցուցանիշներ էին անհրաժեշտ խմբում առաջին տեղը գրավելու համար. Պորտուգալիան առաջինն էր A խմբում:

Երկու թիմերի գլխավոր մարզիչները նախախաղային մամուլի ասուլիսների ժամանակ նշել են, որ եզրափակչում խաղալը նպատակ է, որին հասնելու համար անհրաժեշտ է նվիրված գործել դիմակայության առաջինից մինչեւ վերջին րոպեն: Իսկ եթե այնպես ստացվի, որ գործը հասնի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, ապա առաջին պլան կմղվի ոչ թե պատրաստվածությունը, այլ մարզական բախտը: Մնում է ակնկալել, որ Սոչիում կայանալիք խաղը կանցնի հետաքրքիր ու դինամիկ պայքարում, իսկ ստադիոնը լեփ-լեցուն կլինի ոչ միայն թիմերի հայրենակիցներով՝ մեքսիկացիներով ու գերմանացիներով, այլեւ կլինեն հազարավոր ֆուտբոլասերներ աշխարհի բոլոր անկյուններից: