Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 29-06-2017
Չիլիացիները ֆուտբոլային սխրանք գործեցին Կազանում
Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլիի հավաքականը կխաղա Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչում. Պորտուգալիան շարունակում է պայքարը միայն 3-րդ տեղի համար:

Թե՛ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը, թե՛ Կոպա Ամերիկայի հաղթող Չիլիի ընտրանին «Կազան Արենա» ստադիոնում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում ցույց տվեցին, որ ֆիզիկապես ամուր պատրաստված թիմեր են: Առաջին կեսում երկու թիմերն էլ միմյանց դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ունեին, սակայն չօգտագործեցին եւ ոչ մեկը: Եթե չիլիացիները գործում էին ավելի հախուռն, ապա պորտուգալացիների գրոհներն առաջին խաղակեսում չափազանց ձգձգված էին ու հնարավոր էր լինում կասեցնել թիմային գործողությունների շնորհիվ:



Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը չփոխվեց. թե՛ Պորտուգալիան, թե՛ Չիլին կարողացան բազմաթիվ պահեր ստեղծել, սակայն գրոհի եզրափակման փուլում մարզական բախտը երես էր թեքել երկու թիմերից: Պորտուգալացիներին ոչ մի կերպ չէր կարողանում օգնել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստը՝ Քրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար թիմակիցները փորձում էին նպաստավոր պահեր ստեղծել, սակայն մշտապես երկու-երեք չիլիացի Ռոնալդուի կողքին էին հայտնվում, երբ վերջինս գնդակ էր ստանում:



Ավելի ազատ էր գործում չիլիացիների հարձակման առաջատար Ալեքսիս Սանչեսը: Ամրակազմ հարձակվողը ազատ տարածքներ էր գտնում պորտուգալացիների պաշտպանությունում, ճեղքումների միջոցով դարպասի գրավման համար նպաստավոր պահեր ստեղծում թիմակիցների համար: Սակայն ինչպես եւ Եվրոպայի չեմպիոնների դեպքում, Կոպա Ամերիկայի հաղթողները եւս անհարկի վատնում էին իրենց հնարավորությունները:



Արդյունքում անհրաժեշտ եղավ լրացուցիչ ժամանակ՝ դիմակայության հաղթողին որոշելու համար: 30 րոպե շարունակ թիմերը փորձում էին լուծել հաղթողի որոշման հարցը, սակայն ամեն դեպքում երկու թիմերի դարպասապահները մեկ քայլ ավելի արագ էին ու պատրաստված հարձակվողներից: Անհրաժեշտ էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար՝ հաղթողին որոշելու համար:



Չիլիացիներն անվրեպ էին, իսկ դարպասապահ Կլաուդիո Բրավոն անթերի էր: Փորձառու չիլիացի դարպասապահին հաջողվեց հետ մղել պորտուգալացիների 3 անընդմեջ 11 մետրանոց հարված, ինչն ապահովեց Չիլիի հավաքականի եզրափակիչ դուրս գալը: Ռոնալդուն չհասցրեց մոտենալ 4-րդ 11 մետրանոցին. թիմակիցներից եւ ոչ ոք դիպուկ չէր: Արդյունքում՝ Պորտուգալիան երկրորդ անգամ կժամանի Մոսկվա՝ խաղալու «Սպարտակ Արենա» ստադիոնում, որտեղ հուլիսի 2-ին կկայանա 3-րդ տեղի համար դիմակայությունը: