Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 30-06-2017
Նոր գիրք՝ Երեւան քաղաքի մասին
Հունիսի 29-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ նկարիչներ Արարատ Մինասյանի եւ Զաքար Դեմիրճյանի «ԵՐԵՎԱՆ» ճեպանկարների գրքի շնորհանդեսը:

Երեւանը գրքի երիտասարդ նկարիչների քաղաքն է. արվեստագետները հրավիրել էին անծանոթ հյուրին ու զբոսաշրջիկին՝ պատկերներով վայելելու քաղաքային հարուստ կյանքի դրվագները: 

Երեւանյան կյանքն իր ողջ գունապնակով ներկայացնող գիրքը տպագրել է «Զանգակ» հրատարակչությունը: Այն մայրաքաղաք Երեւանի մասին է` իր հարուստ պատմությամբ եւ տեսարժան վայրերով, գույներով ու բույրերով, աղմուկով, երաժշտությամբ, հայտնի եւ անհայտ բնակիչներով ու ամեն վայրկյան տրոփող կյանքով: Ճեպանկարների գիրքը լույս է տեսել հայերեն եւ անգլերեն: 

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը, խոսելով գրքի ստեղծման եւ առանձնահատկությունների մասին, նշեց, որ այդպիսի գրքի ծնունդը կարեւոր իրադարձություն է մեզանում. «Պետք է նշեմ, որ գրքի վրա աշխատել են բազմաթիվ երեւանցիներ: Այն ուղղված է ե՛ւ մայրաքաղաքի բնակիչներին, ե՛ւ զբոսաշրջիկներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր հետաքրքրված են Երեւան քաղաքով: Կարծում եմ՝ շուտով հնարավորություն կլինի «մտնելու» նաեւ Հայաստանի այլ քաղաքներ: Այս գրքի հաջողության դեպքում կտպագրենք պատկերազարդումներ նաեւ Հայաստանի այլ քաղաքների մասին»:

Երեւան քաղաքը մանրակրկտորեն ներկայացնող ճեպանկարների գիրքը բացառիկ աշխատություն է, քանի որ ներկայացված լուսանկարներն ուղեկցվում են նաեւ համապատասխան տեքստերով, որոնք գրել է երգահան, դրամատուրգ եւ սցենարիստ Քրիստ Մանարյանը: Գծանկարների ձեւաչափով ներկայացված ստվարածավալ աշխատությունը պատրաստ է մրցելու նաեւ աշխարհի շատ երկրների քաղաքների մասին տպագրված գրքերի հետ:

ԵՊՀ դոցենտ, գրականագետ Հայկ Համբարձումյանի կարծիքով՝ միջազգային ձեւաչափով լույս տեսած այդ գիրքը նկարիչների ջանքերի արդյունքում ստացել է յուրահատուկ տեսք, ինչը բացառիկ երեւույթ է մեզանում. «Գիրքը տպագրելուց առաջ մեզ մոտ հարց առաջացավ. ինչպիսի՞ Երեւան ենք ցանկանում ներկայացնել եւ արդյո՞ք ճանաչում ենք Երեւանը: Շատ հարցեր մտորելուց հետո էլ մեզ մոտ անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու այնպիսի բան, որը սիրել կտա մեր Երեւանը: Եվ ահա արդյունքը… Այժմ մեր ձեռքին մի գիրք է, որը Հայաստան ժամանած օտարերկրացուն ցույց կտա, թե ինչ է սպասվում նրան»:

Պետք է նշել, որ «Երեւան» գրքում կան շատ նկարներ, որոնք առօրյա կյանքում մեր հայացքը չի նկատում: Բանն այն է, որ դրանք առաջին հայացքից այնքան էլ առանձնակի տպավորություն չեն թողնում, բայց արի՛ ու տե՛ս, որ նկարչի աչքից չի վրիպում անգամ ամենաչնչին դետալը: Գիրքն ունի տարբեր բաժիններ, իսկ նկարները շատ գունազարդ եւ բազմազան են: Նկարիչները կարողացել են ներկայացնել Երեւանի հայտնի ու անհայտ շենքերն ու շինությունները, նույնիսկ այնպիսինները, որոնք այժմ չկան:

«Զանգակ» հրատարակչության համար դժվար է եղել երկու ստեղծագործող մարդկանց տեսլականները միատեղել գրքում, բայց դա հաջողվել է, որովհետեւ լուսանկարներից  յուրաքանչյուրը փոխլրացնում է մյուսին: Այդ տեսանկյունից լուսանկարների հեղինակները նախապես բաժանումներ են արել՝ պարզելու համար, թե որ բաժինն ով է նկարելու:

Նշենք նաեւ, որ «Երեւան» գրքի տպագրմանը զուգահեռ թողարկվել են նաեւ հատուկ նոթատետրեր, որոնք ինչ-որ առումով փոխլրացնում են գիրքը, ընթերցողին պատկերազարդումների վերաբերյալ իր տպավորությունները ներկայացնելու հնարավորություն տալիս:

Պատկերասրահ՝ Արարատ Մինասյանի եւ Զաքար Դեմիրճյանի «ԵՐԵՎԱՆ» ճեպանկարների գրքի շնորհանդեսը