Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-06-2017
Մեկնարկեց «Երեւան Քարտ» ծրագիրը
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր կայացավ «Երեւան Քարտ» ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված շնորհանդեսը:

«Երեւան Քարտ»-ը բացառիկ հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին, մշակույթի եւ պատմության սիրահարներին՝ ամենամատչելի տարբերակով բացահայտելու աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երեւանը: Ծրագիրը զբոսաշրջության ոլորտում նոր խոսք է ձեւավորում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաեւ այն ինովացիոն մոտեցում է քաղաքային եւ մշակութային տուրիզմի զարգացման գործում: 

Ծրագիրը համագործակցում է Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի եւ «ԻԿՕՄ» հայկական թանգարանների ազգային կոմիտեի հետ: 

«Երեւան Քարտ» ծրագրի ղեկավար Արմեն Բաղդագյուլյանը, հակիրճ ներկայացնելով ծրագիրը, նշեց դրա ստեղծման գլխավոր նպատակը: Նրա խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա միտումներն աստիճանաբար փոխում են տուրիզմի կազմակերպված գործընթացները՝ հանգեցնելով, որ հետզհետե զբոսաշրջիկների թիվն ավելանա: Սակայն զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է շրջագայությունը կազմակերպել իր ուժերով՝ օգտվելով համացանցից եւ ՏՏ ոլորտի ընձեռած այլ հնարավորություններից: Ուստի այս հանգամանքը նպաստեց, որպեսզի ստեղծվի այնպիսի ինովացիոն համակարգ, ինչպիսին «Երեւան Քարտ» ծրագիրն է: 

«Համակարգի ստեղծումը եւ գործընթացների կազմակերպումը պահանջեց 2 տարի՝ եվրոպական մի շարք երկրներում փորձի ուսումնասիրման, Հայաստանում եւ մասնավորապես Երեւանում մարքեթինգային հետազոտությունների կատարման, 150-ից ավելի գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման, համակարգչային միասնական ծրագրային փաթեթի ստեղծման, քարտերը կարդացող «NFC» տեխնոլոգիայով աշխատող վերջին սերնդի տերմինալների ձեռքբերման եւ գործընկերներին տրամադրման, թրեյնինգների անցկացման, ինչպես նաեւ տեղեկատվության համակարգման, մշակման, հրապարակման եւ մի շարք այլ աշխատանքների իրականացման համար»,- նշեց Արմեն Բաղդագյուլյանը։

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը ողջունեց նման համագործակցության մեկնարկը՝ համարելով այն կարեւոր: «2 տարի առաջ հղացած այս գաղափարն այսօր արդեն ծրագիր է, որը համապատասխանում է միջազգային շուկայի բոլոր պահանջներին: Այն տարածաշրջանում իր բնույթով եզակի ծրագիր է, ուստի նաեւ լավագույն տարբերակը՝ միջազգային հանրությանը ներկայանալու»,- նշեց Արեւ Սամուելյանը: 

Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ ծրագրին միացած 40 թանգարանին կմիանան նաեւ մարզային թանգարանները:

Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ  Գեւորգ Օրբելյանը, կարեւորելով այդ ծրագրի գործարկումը, նշեց, որ այն լայն հնարավորություններ է տալիս զբոսաշրջիկին, քանի որ փաթեթի համար վճարելով շահավետ գին՝ նա կարողանում է օգտվել ներառված բոլոր ծառայություններից՝ մեկ միասնական քարտով: «Հրաշալի է, երբ գերատեսչությունների միավորման ու համատեղ աշխատանքի արդյունքում նման ծրագրեր են գործարկվում»,- հավելեց Գեւորգ Օրբելյանը: 

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն իր հերթին այն կարծիքը հայտնեց, որ այդ ծրագիրը հրաշալի միջոց է միջազգային շուկայում համապատասխան կերպով ներկայանալու համար: Ըստ նրա՝ ցանկացած ծրագրի արդյունավետությունը կախված է ակտիվ համագործակցությունից, իսկ այս պարագայում այդ ակտիվությունն առկա է:

Նշենք նաեւ, որ քարտի հետ կցված է բովանդակալից ուղեցույցի (135 էջ, 3 լեզու), Երեւան քաղաքի քարտեզի, անվճար ինտերնետով բջջային քարտի, 12-ժամյա տեղեկատու ծառայության, ինչպես նաեւ Երեւան քաղաքի քարտ բջջային հավելվածի օգնությամբ զբոսաշրջիկը կկարողանա իր ուժերով կազմակերպել իր շրջագայությունը եւ տեղեկացված լինել քաղաքում գործող մշակութային հաստատությունների, ժամանցի վայրերի եւ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: Այսպիսով՝ սա ծրագիր է, որը հնարավորություն կտա զարգացնել քաղաքային ու մշակութային զբոսաշրջությունը Երեւանում եւ Հայաստանի տարբեր վայրերում, կնպաստի պատմամշակութային օջախների ճանաչելիության բարձրացմանը՝ ավելացնելով այցելուների թիվը եւ եկամուտները:

Շնորհանդեսի վերջում «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր: