Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 30-06-2017
Մեկնարկեց Երեւանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը
Հունիսի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տրվեց Երեւանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մեկնարկը:

Փառատոնային պաշտոնական բացմանը ելույթներով հանդես եկան փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը եւ Paris Guitar Foundation-ի նախագահ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ագուստին Պեսնոնը (Ֆրանսիա):

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ, լսել եմ այս փառատոնի մասին։ Հայ երաժիշտները հրաշալի տպավորություն են թողել, եւ այս փառատոնը նրանց հետ ծանոթանալու լավ հնարավորություն է»,- ավելի վաղ նշել էր Ագուստին Պեսնոնը: Ի դեպ, փառատոնային իր ելույթից առաջ նա խոստովանեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ ուրախ է, որ մասնակցում է փառատոնին: 

Տեղեկացնենք, որ փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) եւ YerazArt հիմնադրամը: Իր հերթին Ժորա Սարգսյանը ելույթից առաջ շնորհակալություն հայտնեց աջակիցներին: 

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանում անցկացվող Երեւանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնին կմասնակցեն մի շարք երկրների ճանաչված երաժիշտներ: Երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու եւ վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի: Երաժշտական տոնը կազմակերպել են Երեւանի կիթառահարների եւ Կիթառի միջազգային փառատոների ասոցիացիաները:

Փառատոնը, կարեւորելով մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, համերգ կունենա նաեւ Երեւանից դուրս: Հուլիսի 1-ին Ջերմուկում համերգով հանդես կգան Ժորա Սարգսյանը, Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), ինչպես նաեւ Հասմիկ Ասատրյանը (վոկալ/Հայաստան): Համերգը տեղի է ունենալու Շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: 

Փառատոնի ընթացքում կներկայացվեն տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կազմակերպիչներն այնպես են կազմել ծրագիրը, որ այն հետաքրքիր լինի հանդիսատեսի համար: 

Երաժշտական տոնի մասնակիցները հանդես կգան նաեւ վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: 

Տեղեկացնենք, որ Eritasard.am-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: