Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 03-07-2017
3-րդ «Հայ բույս»-ն ՝ էլ ավելի գունեղ
Հուլիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացավ ամենամյա «Հայ բույս» փառատոնը:

Այն զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն  անցկացվում է 2015 թվականից: Փառատոնն այս տարի հագեցած էր ազգային եւ ժողովրդական արվեստի գործերի, սենսորային եւ ուսուցողական խաղերի, տարազի, խոհանոցի, յոգայի եւ առողջ ապրելակերպի, կավագործության եւ գորգագործության, արշավների սիրահարների համար նախատեսված բազմազան միջոցառումներով: 

«Հայ Բույս» երրորդ միջազգային փառատոնն հետարքրքություն էր առաջացրել  ոչ միայն զբոսաշրջիկների շրջանում, այլեւ բազմաթիվ երիտասարդներ, լսելով միջոցառաման մասին, այցելել էին Տավուշի մարզ՝ դառնալու օրվա մասնիկը:

Ներկաների համար ցուցադրված էին տաղավարներ, որտեղ ներկայացված էին հայկական խոտաբույսերից տարբեր արտադրանքներ՝ խնամքի միջոցներ, թեյեր, աքսեսուարներ, դեղամիջոցներ:

«Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Չիբուխչյանը լրագրողների հետ հանդիման ընթացքում ընդգծեց, որ  յուրաքանչյուր տարի   փառատոնը ներկայանում է ինչպես ճանչողական, ուսուցողական, այնպես էլ ժամանցային միջոցառումներով. «Փառատոնի ժամանակ տարբեր հարթակներում զուգահեռաբար անցկացվում են  թեմատիկ վարպետության դասեր, որոնց ընթացքում հյուրերին սովորեցնում են բույսերից պատրաստել կենցաղային պարագաներ, զովացուցիչ ըմպելիքներ, ծանոթացնում են հայկական ազգային տարազների բուսական զարդանախշերին, խոտաբույսերով գորգագործությանը»: 

Ինչպես նշեցին փառատոնի կազմակերպիչները փառատոնը հիանալի առիթ է ներկայացնելու եւ ժողովրդականացնելու Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարեւորագույն ռեսուրս. « Մենք աշխատում ենք ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլ փորձել ենք ստեղծել այնպիսի փառատոն, որը հետաքրքիր կլինի Երեւանի եւ Հայաստանի մարզերի բնակիչներին, մասնավորապես, Տավուշի մարզի քաղաքների եւ գյուղերի բնակիչներին»: 

Յան Ցիեն Շըն ժամանել է Սինգապուրից,արդեն 7 օր է՝ ինչ Հայաստանում է. ««Հայ բույս»-ում ամեն բան հետաքրքիր է թե՛ միջոցառման անվանումը, թե՛ խորհուրդը, թե՛ վայրը, ամեն ամենը, խոսքեր չեմ գտնում»:

Ըստ ավանդույթի, փառատոնի մասնակիցները պատրաստեցին եւ համտեսեցին տարբեր տեսակի պանիրներով, հայկական կանաչեղենով եւ լավաշով ամենաերկար բրդուճը: Նախորդ տարի դրա երկարությունը կազմել էր 17 մետր, այս տարի գերազանցեց 20 մետրը: Սպասված բրդուճը խորհրդանշում է ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) եւ խաղաղություն (պանրատեսակներ):

Խաղաղության մեծ բրդուճը պատրաստվեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ուղեկցությամբ եւ տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում ներկանները հնարավորություն ունեցան ունկնդրելու «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական բենդի կատարումները, իսկ ահա միջացառման ազգային երգն ու պարը ապահովեց «Կարին» ավանդական երգի պարի խումբը:

Պատկերասրահ՝ «Հայ բույս - 2017» փառատոնը