Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 03-07-2017
Մեկնարկեց «Սփյուռք» ամառային դպրոց 2017-ը
Ավելի քան 30 երկրներից Հայաստան ժամանած հարյուրավոր սփյուռքահայեր առաջիկա մեկ ամսում կվերապատրաստվեն հայրենիքում:


«Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության եւ Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ: Հինգ տարի շարունակ տարբեր երկրներից Հայաստան են ժամանում հարյուրավոր սփյուռքահայեր, որոնք հայրենիքում վերապատրաստվելուց, մասնագիտական գիտելիքները համալրելուց, ազգային արժեքներին հաղորդակից դառնալուց զատ՝ մասնակցում են մի շարք մշակութային միջոցառումների, այցելում են Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրեր, հնարավորոթյուն են ստանում հանդիպելու պետական, հասարակական, մշակութային գործիչների, ինչպես նաեւ՝ հոգեւոր այրերի հետ:


Այս տարի դպրոցի շրջանակում կազմակերպվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝ «Լրագրողների վերապատրաստում», «Հայոց լեզվի արագացված ուսուցում», «Հայոց լեզվի եւ պատմության, կրթական գործի վերապատրաստում», «Երիտաասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչներ» եւ «Ազգային երգի ու պարի վարպետություն»:

Հուլիսի 3-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի բացման արարողությունը: Արտերկրից ժամանած հայրենակիցներին ողջույնի խոսք հղեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն, «Սփյուռք» ամառային դպրոցի համակարգող Մհեր Հովհաննիսյանը: 



«Այսօր մենք պատիվ ունենք հյուրընկալելու մեր հայրենակիցներին: Շնորհակալ եմ Սփյուռքի տարբեր համայնքներից եկած մեր մասնակիցներին, ովքեր, կարեւորելով  կրթությունը, նոր գիտելիք ստանալու համար եկել են Հայաստան, եկել են նոր գիտելիքով վերազինվելու եւ այդ գիտելիքները մատաղ սերնդին փոխանցելու համար: Դուք եք լինելու այսօրվա այն սերունդը, որը Հայաստանում ստացած գիտելիքները տանելու է Սփյուռքի իրենց համայնքներ եւ օգտագործելու եք մեր աշխարհասփյուռ հայության կրթության եւ դաստիարակության համար: Դուք այսօր ստանձնել եք մի սրբազան պարտք. այն է հայ մնալ եւ աշխատել հայրենիքի համար»,-նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:



ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը անդրադարձավ Սփյուռքում հայերի ինքնության պահպանության խնդիրներին՝ փաստելով, որ ամառային դպրոցը հետապնդում է ազգային դիմագծի պահպանման եւ ամրապնդման նպատակ:

«Դուք տեսնում եք՝ տարեցտարի թե՛ կազմակերպչական, թե՛ մասնակիցների քանակի առումով դպրոցը ինչպիսի ակտիվություն եւ առաջադիմություն է գրանցում: Մենք անընդհատ խոսում ենք, որ մենք ցանցային ազգ ենք, եւ ահա Սփյուռք ամառային դպրոցը ցանցային ազգ լինելու լավագույն ցուցիչն է: Հույս ունեմ՝ այս մեկ ամսվա ընթացքում դուք կհասցնեք ձեռք բերել մեծ փորձ եւ գիտելիք»,-կարեւորեց Արամ Սիմոնյանը:



ԵՊՀ-ում կազմակերպվել էր նաեւ ցուցադրություն, որտեղ սփյուռքահայ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու մի շարք կազմակերպությունների եւ հայաստանյան առաջատար հրատարակչությունների գործունեությանը:

Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ առաջին անգամ ծրագրին մասնակցող սփյուռքահայերին վերապատրաստման անվճար հնարավորությունից զատ կտրամադրվեն նաեւ անվճար գիշերակաց, սնունդ, տրանսպորտային ծառայություններ եւ այլն: Իսկ բոլոր այն մասնակիցները, որոնք նախորդ տարիներին եւս ուսումնառել են ամառային դպրոցում, անվճար կարող են օգտվել միայն կրթական ծրագրից: