Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 04-07-2017
Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 87 տարեկան
«01-99», «Տերն ու ծառան», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Հայրիկ», «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն». սա այն ֆիլմերի մի փոքր շարքն է, որ հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանն իր փայլուն դերասանական խաղով անմահացրեց:

Մեծ արտիստը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում՝ արմատներով մշեցիների եւ վանեցիների ընտանիքում։ Դեռ փոքր տարիքից Մհերին թատրոնը ձգում էր արտասովոր ուժով: Նա դերասանական արվեստի մասին առաջին գիտելիքները ստանում է թատերական ինքնագործ խմբակում, իսկ Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիան հաջողությամբ ավարտելուց հետո դառնում է նույն թատրոնի հիմնական խմբի անդամ: Հենց այստեղ նա հիանալի կերպով մարմնավորում է տասնյակից ավելի հիմնական ու երկրորդական կերպարներ: 

1953 թվականին Մհեր Մկրտչյանն արդեն Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան էր, զուգահեռ սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում: Մայր թատրոնում դերասանն աշխատում է 35 տարի: 

Զարմանալի է, որ Ֆրունզիկն այդ մասնագիտությունը չէր ուզում ընտրել. «Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, եւ ես չհասցրի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձեւ է…»:

Մկրտչյանը 1955 թվականից սկսում է նկարահանվել ֆիլմերում, որոնց թիվը հասնում է մոտ 50-ի: Ունկնդիրների հիշողության մեջ վառ են մնացել նրա մարմնավորած Գարսեւանը «01-99»-ում, «հայտնի լողորդ», դարբին Գասպարը, «Նվագախմբի տղաներ»-ի Դմբուզ Արսենը, Իշխանը, Հայրիկը, Գրիգոր աղան ու «Մեր մանկության տանգո»-ի Ռուբենը։ 

«Հայֆիլմ»-ում նրա մարմնավորած կերպարները հիմնականում դրամատիկական էին, բայց այլ կինոստուդիաներ նրան հրավիրում էին կատակերգական դերերի համար: Հատկապես առանձնանում են «Միմինո», «Այբոլիտ-66», «Կովկասի գերուհին» ֆիլմերը: 

Ֆրունզիկ Մկրտչյանը խաղում էր ֆիլմերում, բայց թատրոնը նրան միշտ կանչում էր: «Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չէ»,- ասում էր, բայց շարունակում հավատարիմ մնալ իր սկզբունքին. «Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ ե՛ւ լաց կա, ե՛ւ ծիծաղ, ե՛ւ հումոր»։

Ցավոք, Մհեր Մկրտչյանի կյանքում տխրությունը գերակշռում էր: Նա մարդկանց ծիծաղեցնում էր, բայց ինքը տխուր էր: Մեծ դերասանին ապրելու ուժ էր տալիս մարդկանց սերը նրա նկատմամբ: Նա մի առիթով ասել է. «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են, բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին՝ մեկ առ մեկ»:

1993 թվականի դեկտեմբերի 29-ին Մհեր Մկրտչյանը Երեւանում կնքեց իր մահկանացուն: Դա մեծ կորուստ էր ոչ միայն նրա հարազատների, այլեւ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս ապրող բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում ու գնահատում էին թե՛ Մհերին, թե՛ նրա արվեստը, բայց ինչպես մեծ դերասանն էր ասում. «Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը: Երբ որ քանդակն ավարտվում է, ինքն արդեն չկա»: