Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 04-07-2017
Մեկնարկեց Հայաստանում բացառիկ արտիստների համախմբող «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը
Բացառիկ արտիստներ, յուրահատուկ համերգային երեկոներ եւ, իհարկե, թեժ մրցակցություն: Հուլիսի 4-12-ը Երեւանում կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը։

Միջոցառումն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Մշակութային կարեւորագույն իրադարձության մեկնարկն ազդարարվեց հուլիսի 4-ին կայացած մամլո ասուլիսով, որին հաջորդեց մրցույթի մասնակիցների ելույթների վիճակահանությունը: 

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ մրցույթ-փառատոնն առանձնանում է իր ձեւաչափով: «Ամեն օր տեղի են ունենալու դասական երաժշտության համերգներ՝ ներգրավելով համաշխարհային մեծության աստղերի։ Փառատոնը համախմբելու է նաեւ հայաստանյան լավագույն կոլեկտիվներին»,-նշեց Սերգեյ Սմբատյանը: 

Նշենք, որ մրցույթին մասնակցելու հնարավորություն կստանան մինչեւ 34 տարեկան դաշնակահարներ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 եվրո է (առաջին մրցանակ՝ 10 000 եվրո, երկրորդ մրցանակ՝ 5 000 եվրո, երրորդ մրցանակ՝ 3 000 եվրո եւ հատուկ մրցանակ՝ 2 000 եվրո):

Մրցույթը բաղկացած է երկու փուլերից: Լավագույն 5 դաշնակահարները բացառիկ հնարավորություն կստանան 2018 թվականին մասնակցելու Մալթայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթին՝ Malta International Music Festival 2018-ի շրջանակում:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի 5 երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից:

«Արմենիա» մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու են 14 երկրի (Ֆրանսիա, Ավստրիա, Լեհաստան, Նորվեգիա, Չինաստան, Հարավային Կորեա, Սիրիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան) 48 երիտասարդ դաշնակահարներ (մինչեւ 34 տարեկան)։ Մրցույթի ժյուրիի մյուս անդամներն են Պաոլո Բալիերին (Իտալիա), Ռատկո Դելորկոն (Գերմանիա), Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան), Վալերիան Շուիկաշվիլին (Վրաստան)։

«Արմենիա» փառատոնի մեկնարկը տրվեց հուլիսի 4-ի երեկոյան: Փառատոնի բացմանը համերգով հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Ռոման Կիմը: 

«Փառատոնին մասնակցում են հրաշալի արտիստներ, ընդհուպ մինչեւ Մաքսիմ Վենգերովը: Հիանալի, գեղեցիկ փառատոն է, ուրախ եմ, որ մենք մասնակցում ենք եւ բացման համերգին մենք ենք նվագում»,-լրագրողների հետ զրույցում նշեց Էդուարդ Թոփչյանը:

Ռոման Կիմն էլ նշեց, որ Հայաստանում է առաջին անգամ է: Լրագրողների հետ զրույցում արտիստը խոստովանեց, որ շատ է հավանել Ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ մաեստրո Թոփչյանին: «Հայ կոմպոզիտորներից գիտեմ Արամ Խաչատրյանին, միգուցե մի օր նրա կոնցերտը նվագեմ»,-նշեց նա: 

Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին փառատոնի ընթացքում համերգներով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբերը: Փառատոնային 9 համերգների ընթացքում ելույթ կունենան հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանն ու Լիլիթ Գրիգորյանը, ջութակահար Ռոման Կիմը եւ այլք:

Փառատոնի գալա համերգին՝ հուլիսի 12-ին, հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, որի մասնակցությունն այս նախագծին ինքնին մեծ հաջողություն է: