Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 05-07-2017
Երեւանյան գունազարդ վազք 2017
Հուլիսի 4-ին LOFT ակումբում տեղի ունեցավ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՈՒՆԱԶԱՐԴ ՎԱԶՔ 2017 (YEREVAN COLOR RUN 2017) միջոցառման մամուլի ասուլիսը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ  Երեւանյան մշակութային եւ մարզական միջոցառումներին ուղղված  ծրագրերը գնալով մեծ թափ են ստանում եւ «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից է Երեւանյան գունազարդ վազքը, որը շնորհիվ համատեղ ջանքերի վերածվել է մեծ տոնի: 

Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը  նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը  շատ է կարեւորում մասսայական սպորտի զարգացումը, եւ Գունազարդ վազքը  այն միջոցառումներից մեկն է, որը նպաստում է առողջ ապրելակերպի զարգացմանը: 

«Նմանօրինակ միջոցառումները մեծ նշանակություն ունեն ՀՀ քաղաքացիների եւ Հայաստան այցելող հյուրերի  համար: Այն նոր է, հետաքրքիր եւ գունավոր է: Դա այն է ինչ մենք ուզում ենք. Հայստանը ցույց տալ դրայվով, գունավոր: Եվ ցանկանում ենք միջոցառմանը այնպիսի հնչեղություն տալ, որ ոչ միայն միջոցառման օրը  մեր երկրում գտնվող հյուրերը  հնարավորություն ունենան մասնակցելու, այլեւ այդ միջոցառման համար գան Հայաստան»,- իր խոսքում նշեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի եւ խթանման  վարչության պետ Գոհար Ալոյանը:

Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ, «Սթրիթ Վորքաութ» հայաստանյան ֆեդերացիայի  խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը նշեց.  «Այս տարի Yerevan Color Run-ը կմեկնարկի հուլիսի 16-ին, ժամը 08:00-ին Հանրապետության հրապարակից: Մենք այս տարի միջոցառումը տեղափոխել ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի այն էլ ավելի գեղեցիկ եւ հնչեղ դառնա: Միջոցառումը կսկսվի ֆիթնես նախավարժանքով, 5 կմ երկարություն ունեցող վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա ոտքից գլուխ կլցվեն գունավոր եւ բացարձակ անվնաս փոշեներկեր:  Ինչպես ամեն տարի վազքուղու ավարտին կհաջորդի երաժշտական գունազարդ «հրավառությունը»»: 

Ղազար Հակոբյանը հավելեց, որ միջոցառումից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երեւանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի եւ Թերեզա Մխիթարյանի «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջեւան-Բերդ 34կմ ճանապարհի  կառուցմանը:
 
Իջեւան-Բերդ 34կմ անվտանգ ճանապարհի կառուցմանն ուղղված  «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի ղեկավար Թերեզա Մխիթարյանը նշեց. «Տավուշում  ունենք մի շարք նախագծեր եւ ամեն անգամ բերդ գնալիս, հասկացանք, որ Իջեւան-Բերդ տանող ճանապարհի անվտանգությունը  շատ մեծ խնդիր է: Մենք որոշել ենք ընկերներով հավաքվել  եւ լուծել  այս հարցը՝  մարդկանց հնարավորություն տալով՝  երթեւեկել  անվտանգ ճանապարհով:  Ճանապարհի մեկ մետրը արժե  1500 դրամ, եւ ամեն վազորդ կարող է  կառուցել  Իջեւանից-Բերդ տանող ճանապարհի 1 մետրը, իսկ ճանապարհի կառուցումից հետո կարող ենք հենց այնտեղ վազել»: 

Նշենք, որ 2015 թվականին Երեւանյան գունազարդ վազք  նախագծից ստացված հասույթից  900.000  դրամ  փոխանցվել է Գոռ  անունով մի փոքրիկի օգնելու, 2016  թվականին՝  1.000.000  դրամ  հատկացվել  է Գյումրու անօթեւան ընտանիքների առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար:

Չնայած  մասնակիցների արդյունքները չեն չափվելու, սակայն վազքուղին առաջինն անցած երեք տղաները եւ աղջիկները կպարգեւատրվեն մրցանակներով, իսկ  Երեւանյան գունազարդ վազք 2017-ի առաջին տեղի երկու հաղթողներին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից  որպես մրցանակ շնորհվելու է՝ եռօրյա էքստրեմալ տուր Հայաստանում: 

Միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի  ու Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ, «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում:

Գունազարդ վազքը (Color Run) միջազգային ձեւաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: 

«Գունազարդ վազք» նախագիծը Հայաստան է եկել 2015 թվականին եւ երրրորդ անգամ է անցկացվելու մայրաքաղաք Երեւանում: Այն մարդկանց երջանկության անկնթարթներ նվիրող վազք-զվարճանք է, որտեղ վազքի մասնակիցների սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: 

Yerevan Color Run-ի նպատակն է յուրօրինակ ձեւաչափով վազքի մարաթոնների իրականացման միջոցով Երեւանի բնակիչների եւ հատկապես երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի եւ զանգվածային սպորտի մշակույթը, մարդկանց կյանքը լցնել դրական եւ երջանիկ զգացողություններով: 

Yerevan Color Run-ին կարող են մասնակցել 14 տարին լրացած բոլոր ցանկացողները: