Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հայարփի Սիմոնյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 05-07-2017
Հայարփի Սիմոնյան. «Սովորե՛լ կտրուկ քայլերի արվեստը»
Eritasard.am-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել հարցազրույցներ տարբեր ոլորտներում շոշափելի հաջողությունների հասած երիտասարդ մասնագետների հետ, պատմել նրանց ձեռքբերումների, նվաճումների, առաջիկա ծրագրերի եւ մտահոգությունների մասին:

Մեր զրուցակիցը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի եւ ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, ԵՊՀ  եւ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Հայարփի Սիմոնյանն է: 

Հայարփին մասնագիտությամբ քիմիկոս-էկոլոգ է: 2001 թ.-ին ընդունվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի բաժին, որն ավարտելուց անմիջապես հետո ընդգրկվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանի ղեկավարած գիտական խմբում՝ որպես գիտաշխատող: Զբաղվում է ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզով: 

2010 թ.-ից ԵՊՀ-ում դասավանդում է բնական միացությունների քիմիա առարկան: 2013 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Ընդգրկված է «ԱՅԲ» հիմնադրամի կողմից իրականացվող «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի» ժյուրիի կազմում, ինչպես նաեւ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի քննական կենտրոնի անդամ է: Ամիսներ առաջ երիտասարդ գիտնականին է վստահվել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի եւ ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչի պաշտոնը: 

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ակադեմիկոս Աշոտ Սաղյանի ղեկավարած  գիտական խմբի կողմից, որի կազմում ընդգրկված է մեր զրուցակիցը, կատարված հետազոտությունների հիման վրա ստեղծվել է ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրություն, ինչի համար խումբը 2015 թ.-ին (շնորհվել է 2016 թ.-ին) արժանացել է պետական մրցանակի: 

 Հայարփի Սիմոնյանը մասնակցել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխությանը: 



- Հայարփի՛, խնդրում եմ, ներկայացրե՛ք՝ ինչպիսի՞ն էր դեպի գիտություն Ձեր ճանապարհի մեկնարկը… Ինչո՞վ  Ձեզ գրավեց քիմիան: 

- Ծնվել եմ Արագածի լանջերին գտնվող Ծաղկահովիտ գյուղում: Մանկությունս համընկել է դժվարին ժամանակահատվածի հետ. երկրաշարժ, պատերազմ… Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո մենք բնակություն հաստատեցինք տնակային թաղամասում: Սակայն, անկախ բոլոր դժվարություններից, դրանք ամենագեղեցիկ, հիշարժան տարիներն էին: 

Շատ աշխույժ, շարժուն երեխա եմ եղել, նույնիսկ կարելի է ասել՝ չարաճճի: Երբ սկսել եմ դպրոց հաճախել, հարազատներս ուսուցչուհուս ասել են, որ կարող է հանգիստ բարկանալ ինձ վրա, եթե չարություն անեմ: Երեւի դպրոցն ինձ միանգամից է գրավել, քանի որ ի զարմանս ծնողներիս՝ անմիջապես կարգապահ աշակերտուհի եմ դարձել: 

Երազում էի բժշկուհի դառնալու մասին: Ինչպես երեխաների մեծամասնության, ինձ համար էլ դա ամենագրավիչ մասնագիտությունն էր: Ավարտական դասարանում սկսեցի ավելի լուրջ մտածել այդ մասին եւ պատրաստվել ընդունելության քննություններին: Սակայն վերջին պահին որոշումս փոխեցի. 2001 թ.-ին ընդունվեցի ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի բաժին: Կարող էի քիմիայի որեւէ ճյուղ ընտրել (ի դեպ, հայրս քիմիկոս է), բայց ընտրեցի բնապահպանությունը, քանի որ այն համեմատաբար նոր մասնագիտություն էր, ինձ համար՝ բավականին հետաքրքիր ու գայթակղիչ: 

2006 թ.-ին ավարտեցի ուսումս եւ անմիջապես ընդգրկվեցի ակադեմիկոս Աշոտ Սաղյանի ղեկավարած գիտական խմբի կազմում: Դա էր այդ ճանապարհի սկիզբը… Ես նախ ճանաչեցի այն, ապա սիրեցի գիտությունը: 

- Թե՛ ԵՊՀ-ում, թե՛ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում Դուք զբաղվում եք ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզով: Ի՞նչ կիրառություն ունեն դրանք: 

- Ամինաթթուները սպիտակուցների բաղադրիչներ են, դասվում են բնական միացությունների շարքին: Այլ կերպ ասած՝ ամինաթթուները կյանքի հիմքն են… 

Սակայն այն ամինաթթուները, որոնք սինթեզվում են մեր կողմից, սպիտակուցների կազմի մեջ չեն մտնում: Դրանց սինթեզը բավականին բարդ, բազմափուլ, ժամանակատար գործընթաց է: Ինչո՞ւ ենք մենք «հանդուրժում» ժամանակի կորուստը եւ բոլոր դժվարությունները. քանի որ վերջնական արգասիքը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում: Սինթեզի այս ուղղությունն ապահովում է վերջնարդյունքի օպտիկական մաքրությունը:

Հայտնի է, որ դեղերի մեծ մասն ամինաթթուներ կամ պեպտիդներ (մի քանի ամինաթթվից կազմված միացություններ) է պարունակում: Սպիտակուցային ամինաթթուներ պարունակող դեղերն օրգանիզմ մտնելուց հետո շատ արագ են քայքայվում, յուրացվում, ինչը հանգեցնում է դեղի ազդեցության կրճատմանը, իսկ մեր սինթեզած ոչ սպիտակուցային ամինաթթուները երկարացնում են դեղի ազդեցությունը, քանի որ դրանք չեն «ճանաչվում» օրգանիզմի ֆերմենտների կողմից եւ չեն քայքայվում: Հենց այդ հատկության շնորհիվ է, որ ոչ սպիտակուցային ամինաթթուներն առանցքային դեր ունեն դեղագործության մեջ: Ամինաթթուներն ունեն նաեւ հակամանրէային ազդեցություն, ինչպես նաեւ ֆերմենտներ արգելակող հատկություն: 

- 2015 թվականին Ձեր գիտական խումբը պետական մրցանակի է արժանացել, ինչը, անշուշտ, լուրջ նվաճում է… 

- Կատարված հետազոտությունների հիման վրա «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստեղծվել է ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրություն, որտեղ սինթեզի տարբեր մեթոդներ են կիրառվում: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ որոշ ամինաթթուներ պատվիրվում են նաեւ գերմանական, ավստրիական ընկերությունների կողմից: 
Մրցանակն ամբողջ խմբի եւ,անշուշտ, առաջին հերթին մեր ղեկավարի ձեռքբերումն է: Մեր ջանքերը գնահատվեցին  ամենաբարձր մակարդակով, ինչը, իհարկե, պարտավորեցնում է ամեն գնով արդարացնել այդ գնահատականը: 

- Ի՞նչ եք զգում յուրաքանչյուր անգամ Ձեր աշխատանքի արդյունքը տեսնելիս: 

- Մեծագույն հաճույք է, երբ տեսնում ես, շոշափում, նկարագրում աշխատանքիդ արդյունքը: Իհարկե, շատ կարեւոր է այդ արդյունքը ներկայացնել միջազգային գիտական հանրությանը, ինչն իրականացվում է հոդվածների, տարբեր գիտաժողովների մասնակցության ձեւով: Մեր գիտական խմբի կողմից բավականաչափ հոդվածներ են հրապարակվել աշխարհի հեղինակավոր, բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում: 



- Անկախ ոլորտից՝ յուրաքանչյուրս մեր աշխատանքային կենսագրության տարբեր փուլերում անխուսափելիորեն զգում ենք դժվարությունների, ձախողումների, հիասթափությունների «ներկայությունը»: Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները: 

- Խնդիրները երբեմն ավելի սարսափելի են թվում, քան կան իրականում: Ես առաջին հերթին փորձում եմ մտածել, որ ոչինչ հավերժ չէ, եւ կկարողանամ հաղթահարել դրանք՝ իհարկե ոչ թե անգործությամբ, այլ համապատասխան քայլեր ձեռնարկելով:  

Պետք է ընդունել, որ իրականությունն այնքան էլ սարսափելի չէ, քանի որ շատ բան հենց մեզանից է կախված: Մենք կարող ենք փոխել իրականությունը. դա պետք է ընդունել որպես փաստ եւ քայլեր ձեռնարկել: Եվ դա պետք է անել… ժպիտով.  իրականում կյանքում ավելի կարեւոր երեւույթներ կան: 

Մարդիկ սովորաբար ձգտում են հասնել որեւէ բարձր նպատակի՝ դա համարելով ամենակարեւորը եւ անտեսելով մնացած ամեն ինչ: Տառապում են չունեցածից: Սակայն բավական է հասնել նպատակին, նրանք հասկանում են, որ դա իրենց երջանկություն չբերեց… Մինչդեռ կան մանրուքներ, որոնք չափազանց կարեւոր են, եւ մենք չենք նկատում: Ուրեմն, կարեւոր է տարբերակել առաջնայինը երկրորդականից եւ խուսափել հիասթափություններից ու պարտություններից: 

Եվ ամենակարեւորը. դժվարություններ հաղթահարելու համար պետք է սովորել կտրուկ քայլերի արվեստը: Այդ արվեստն ինձ դեռեւս դժվարությամբ է տրվում, սակայն դրան տիրապետելու  ճանապարհին եմ: 

- Բոլորովին վերջերս նշանակվել եք ամբիոնի վարիչ… Հաջողություններին ինչպե՞ս եք վերաբերում: 

- Այս աշխատանքը բնույթով նոր չէ ինձ համար, սակայն ավելի պարտավորեցնող է:  

Իմ հաջողությունների հետեւում միշտ ինձ վստահող ու հավատացող մարդիկ են եղել: Երբեմն անգամ մտածել եմ, որ իմ  հաջողությունները ոչ թե իմ, այլ ինձ հավատացողների վաստակն են, եւ միշտ փորձել եմ արդարացնել այն մարդկանց  սպասումները, ովքեր վստահել են ինձ: Ամբիոնի վարիչի պաշտոնում իմ նշանակումը տեսանելի գնահատական էր, ինչը  ձգտում եմ արդարացնել:  

- Որպես երիտասարդ գիտնական՝ ոլորտի հատկապես ո՞ր խնդիրներն են Ձեզ մտահոգում: 

- Եթե փորձենք համեմատել Հայաստանում եւ արտասահմանում աշխատող երիտասարդ գիտնականների հնարավորություններն ու աշխատանքային պայմանները, ապա մեզ համար, մեղմ ասած, հուսադրող պատկեր չենք ստանա: Մտքերը, գաղափարները շատ են, դրանք գործի վերածելու հնարավորությունները՝ դեռևս սահմանափակ: Շատ կարևոր է, որպեսզի գիտնականը միայն գիտությամբ զբաղվի, ինչը մեր իրականության մեջ ոչ միշտ է հաջողվում: 

Գիտության մեջ մեծ դեր ունեն նաև միջազգային համագործակցությունները: Մեր գիտական խումբը համագործակցում է մի շարք արտասահմանյան գիտական խմբերի հետ, ինչը, անշուշտ, իր դրական արդյունքն է տալիս: 

Անկախ ամեն ինչից՝ մենք, բարեբախտաբար, ունենք բանիմաց եւ հաջողակ երիտասարդ գիտնականներ, որոնք ապրում են  Հայաստանում, միաժամանակ կարողանում են կապեր հաստատել արտասահմանյան գործընկերների հետ եւ նոր մտքեր, նախագծեր բերել Հայաստան:  



- Հաճախում եք նաեւ ազգագրական պարերի, ավելին՝ ընդգրկված եք խմբերից մեկում ու նաեւ ելույթներ եք ունեցել… 

- Ես երբեմն մտածում եմ, որ նախքան ազգագրական պարերին ծանոթանալը ես կույր եմ եղել: Մանկության, անգամ ուսանողական տարիներին երբեւէ չեմ առնչվել ազգային պարերին: Մի օր էլ տեղեկացա, որ «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթը բաց դասեր է կազմակերպում, սկսեցի հաճախել: Շուտով ձեւավորվեցին նաեւ սիրողական խմբերը: Մեր խումբը կոչվեց «Հայ քաջեր»:

Այն, ինչ հիմա կասեմ մեր պարերի մասին, գուցե չափից շատ հայրենասիրական թվա, ինչն այսօր բացասական է ընկալվում, սակայն չեմ կարող չասել, որ ազգայինը ոչ թե մարմինը հղկելու, կեցվածք ձեւավորելու, այլ հոգու համար է, քո տեսակին մարմին տալու համար է: Իմ ապուպապերը Մուշից են, սակայն ես երբեք որեւէ մեկից չեմ լսել նրանց գաղթի պատմությունը: Գնացել էի Արեւմտյան Հայաստան… Իհարկե, չեմ պատմի այն հակասական զգացողությունների մասին, որոնք ինձ հետ էին ամբողջ ճանապարհորդության ընթացքում: Սակայն երբ հասանք Մուշ, ես աննկարագրելի ապրումներ ունեցա… Ինձ երբեք ոչ ոք չէր պատմել Մուշի մասին, բայց ինչ-որ հիշողություն արթնացավ… Արթնացավ այն, ինչ արդեն կար իմ մեջ: Նույնն ազգային պարերի պարագայում է:  

Մեր խումբն արդեն 4 տարեկան է, եւ հաջողությամբ մասնակցում ենք տարբեր միջոցառումների: Ցավոք, ծանրաբեռնված լինելու պատճառով վերջին ամիսներին չեմ կարողանում մասնակցել բոլոր հանդիպումներին: 

- Ես տեղեկացա, որ ազգային պարը Ձեր միակ նախասիրությունը չէ…

- Սիրում եմ ձմեռային սպորտաձեւերը եւ առանց  ավելորդ համեստության կասեմ, որ  բավականին հաջող սահում եմ չմուշկներով և դահուկներով: Ձմռան ամիսներին  սիրած սպորտով զբաղվելու հնարավորությունը բաց չեմ թողնում: