Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-07-2017
Գերմանիան՝ Կոնֆեդերացիաների գավաթավաթակիր
Ահա եւ ավարտվեց շուրջ երկու շաբաթ տեւած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որը տեղի էր ունենում Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Սոչիի եւ Կազանի նորակառույց մարզադաշտերում:

Մրցաշարի եզրափակիչ խաղում գերմանացիները կարողացան նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տոնել Չիլիի ընտրանու նկատմամբ՝ կրկնելով Ֆրանսիայի հավաքականի ռեկորդը եւ դառնալով ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ընտրանին, որը նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները՝ Աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության եւ Կոնֆեդերացիաների գավաթակրի տիտղոսները: Իսկ ահա բրոնզե մեդալների համար պայքարում պորտուգալացիները մեծ դժվարությամբ կարողացան կոտրել մեքսիկացիների դիմադրությունը՝ խաղի լրացուցիչ ժամանակում հաղթելով 2-1 հաշվով:



Խաղից անմիջապես հետո մամուլի ասուլիսների համար նախատեսված սենյակը դարձել էր ամենահետաքրքիր վայրերից մեկը, քանի որ գերմանացիները որոշել էին հենց այդտեղ նշել իրենց խաղթանակը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ Մարկ Անդրե Տեր Շտեգենին եւ Յոախիմ Լյովին չթողնելով նույնիսկ մի քանի բառ փոխանակել լրագրողների հետ:

Անհնարին կլինի չմեծարել Բունդեսթիմին եւ նրա գլխավոր մարզչին՝ Յոհախիմ Լյովին, քանի որ քչերը կարող են պահեստային կազմով մասնակցել ու հաղթել մի մրցաշարում, որտեղ հիմնական աստղերը Ռոնալդուն, Ալեքսիս Սանչեսն ու Արթուրո Վիդալն են: Սակայն, եթե Դուք բաց չեք թողել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ոչ մի հանդիպում, ապա վստահորեն կհամաձայնեք, որ մրցաշարի ամենադիտարժան ու ամենադինամիկ ֆուտբոլ ցուցադրող ընտրանին եզրափակիչում պարտություն կրեց:



Երբ ֆուտբոլիստների կրքերը հանդարտվեցին, Յոհախիմ Լյովն ասաց. «Շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Նրանցից յուրաքանչյուրը հիմա շատ ավելի լավ է զգում, քան մինչեւ մրցաշարի սկսվելը: Մենք տանը թողեցինք մի շարք փորձառու ֆուտբոլիստների՝ փորձելով շանս տալ երիտասարդներին: Այժմ շատ ավելի դժվար կլինի ընտրություն կատարել ֆուտբոլիստների միջեւ»:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում կայացած 5 խաղերը բոլորիս ցույց տվեցին, որ Ջոշուա Կիմմիխը դարձել է հիմնական կազմի ֆուտբոլիստ, Տեր Շտեգենը Մանուել Նոյերի հետեւորդն է, իսկ Լեոն Գորեցկան ունի մեծ տաղանդ եւ ֆուտբոլային ինտելեկտ՝ դառնալու բունդեսթիմի հիմնական կազմի այն ֆուտբոլիստը, որի շուրջը կկառուցվի 2018թ-ի Աշխարհի առաջնությանը պատրաստվող Գերմանիայի ընտրանին:



Այս մրցաշարը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Գերմանիայի ընտրանին հանդիսանում է աշխարհի լավագույն հավաքականը, եւ կարծես թե որեւէ նախապայման չկա, որ բունդեսթիմի գերակայությունն աշխարհում կարող է հարցեր առաջացնել:

Ինչ վերաբերում է երրորդ տեղի համար կայացած խաղին, ապա Պորտուգալիան եւ Մեքսիկան բոլոր ֆուտբոլասերներին պարգեւեցին եւս մեկ ֆուտբոլային շոու, որին շատ քչերն էին սպասում: Պորտուգալացիները գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշի նշանակումից հետո առաջին անգամ հանդես եկան ընդգծված առաջին համարով՝ չկարողանալով իրացնել մի շարք գոլային պահեր, այդ թվում՝ Օչոայի հետ մղած 11-մետրանոցը: Խաղի 54-րդ րոպեին Եվրոպայի գործող չեմպիոններից Նետուն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:



Թիմակցի սխալը կարողացավ ուղղել Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Պեպեն, ով 90-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակի առաջին 15 րոպեներին պորտուգալացիները ստացան եւս մեկ 11-մետրանոց իրացնելու հնարավորություն, որն այս անգամ անվրեպ իրացրեց Ադրիեն Սիլվան՝ հաշիվը դարձնելով 2-1: Հանդիպման վերջում ֆուտբոլիստները սկսեցին կոպիտ խաղ ցուցադրել, ինչի արդյունքում նախ կարմիր քարտ ստացավ Սեմեդուն, որից հետո՝ րոպեներ անց խաղադաշտից հեռացվեցին մեքսիկացի Խիմենեսն ու գլխավոր մարզիչ Խուան Կառլոս Օսորիոն: