Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-07-2017
Ֆուտբոլային հանդիպման տեւողությունը կարող է կրճատվել
Գաղափարի հեղինակների պնդմամբ՝ որոշումը կօգնի, որպեսզի ամեն ինչ տեղի ունենա արդար խաղի շրջանակներում:

Ֆուտբոլային ասոցիացիների միջազգային խորհուրդը (IFAB) «Play Fair!» անունը կրող նոր մարտավարություն է մշակել, որն ուղղված է ֆուտբոլային խաղերի դիտարժանությունը բարձրացնելուն: Ըստ նախնական կանխատեսումների՝ հավանական է, որ խաղերը 90 րոպե «կեղտոտ» ժամանակից կրճատվի 60 «մաքուր» րոպեի՝ դադարների ժամանակ վայրկենաչափով ընդհատելով, ինչպես դա տեղի է ունենում այլ մարզաձեւերում (խմբ. օրինակ, հոկեյ, բասկետբոլ եւ այլն):

Բացի այդ, IFAB-ը, որը զբաղվում է ֆուտբոլում խաղի կանոնների կարգավորմամբ, առաջարկում է այն դեպքերում, երբ դարպասապահը թիմակցի ոտքով կատարված փոխանցումից հետո սեփական տուգանայինում ձեռքով է ընդունում գնդակը, ազատ հարվածի փոխարեն 11-մետրանոց նշանակել:

Մյուս գաղափարներից մեկն էլ այն է, որ պետք է խաղադաշտից հեռացնել միտումնավոր ձեռքով գոլ խփած խաղացողին, իսկ եթե ֆուտբոլիստը դատարկ դարպասից ձեռքով է հեռացնում գնդակը, ապա առաջարկվում է գրանցել գոլը: