Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-07-2017
Ալեքս Ֆերգյուսոնը՝ Մանչեսթեր Յունայթեդի մրցակիցների մասին
Լեգենդար մարզիչը անդրադարձել է իր նախկին թիմի՝ մինչմրցաշրջանային մրցաշարում սպասվող մրցակիցների մասին:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարիզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ Aon-ի կողմից ներկայացվող Tour 2017-ի ընթացքում սպասվող մարտահրավերները կատալոնական «Բարսելոնայի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Մադրիդի «Ռեալի» հետ կարող են միայն օգնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին մինչեւ պաշտոնական խաղերի տեսքով փորձությունները կսկսվեն: 

Անգլիական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է շոտլանդացի մարզչի խոսքերը. «Մանչեսթեր Յունայթեդի» մասին լավագույն նորությունն այն է, որ նրանք ընդունել են լավագույնների հետ պայքարելու մարտահրավերը: Սպասելիքներ միշտ կան, եւ խաղերը, որ մեզ սպասվում են Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակում (International Champions Cup), մեծ խաղեր են: Դա շատ լավ է երիտասարդ խաղացողների համար, ովքեր, այսպիսի մրցակցությունների միջով անցնելով, պատրաստվում են դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական խաղացողներ: Որքան ինտենսիվ մարտահրավեր ստանան նրանք, այնքան ավելի լավ կպատրաստվեն դիմակայել «Մանչեսթեր Սիթիին» անգլիական Պրեմիեր լիգայի խաղում կամ «Ռեալին» ու «Բարսելոնային»՝ եվրագավաթներում: Այդպիսի մեծագույն խաղերի նախապատրաստությունը կարող է սկսվել մինչմրցաշրջանային մրցաշարով, ինչպիսին Չեմպիոնների միջազգային գավաթն է, որը ֆանտաստիկ է»:

Նշենք, որ մանչեսթերյան ակումբը, որտեղ խաղում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այս ամռանը 5 խաղ կանցկացնի ԱՄՆ-ում, որից երկու ընկերական խաղ MLS-ը ներկայացնող «ԼԱ Գելեսքիի» եւ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, այնուհետեւ Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում կխաղան «Մանչեսթեր Սիթիի» եւ իսպանական երկու գրանդների՝ կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» հետ: