Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-07-2017
«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը շարունակում է իր ընթացքը
Երեւանում բացառիկ արտիստների համախմբող «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը շարունակում է իր ընթացքը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ անցկացվող երաժշտական տոնի ընթացքում տեղի է ունենում դաշնակահարների մրցույթ, ինչպես նաեւ կազմակերպվում են համերգներ՝ աշխարհում ճանաչում վայելող արտիստների ու հայաստանյան կոլեկտիվների մասնակցությամբ: 

Փառատոնի շրջանակում հուլիսի 5-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Նրանք ներկայացրին Ալեքսեյ Շորի, Կամիլ Սեն-Սանսի, Սերգեյ Պրոկոֆեւի գործերից։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Ուրախալի է, որ Հայաստանում այսպիսի մակարդակի մրցույթ-փառատոն է անցկացվում, եւ հատկապես ամռանը, ինչը հազվագյուտ երեւույթ է ։ Փառատոների մեծ մասն աշնանը կամ գարնանն են։ Հայաստանի ունկնդիրն այսօր կարող է վայելել շատ բարձր մակարդակի երաժշտություն։ Հայաստան են ժամանում Մաքսիմ Վենգերովը, բազմաթիվ այլ հարգված ու հայտնի երաժիշտներ, դա մեծ ձեռքբերում է: Ես միշտ ուրախ եմ ելույթ ունենալ իմ շատ սիրելի երիտասարդական նվագախմբի եւ իմ ընկերոջ՝ Սերգեյ Սմբատյանի հետ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Հախնազարյանը: 

Հուլիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը (Ռուսաստան/Ֆրանսիա)։ Ծրագրում հնչեցին Անտոնիո Վիվալդիի, Ալեքսեյ Շորի  ստեղծագործությունները։

Իսկ հուլիսի 9-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի հետ: Նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Գեւորգ Մուրադյանը: Ներկայացվեցին Ռիխարդ Վագների,  Ալեքսեյ Շորի, Ջոակինո Ռոսինիի, Էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Եղիազարյանի, Արամ Խաչատրյանի, Մելիք Մավիսակալյանի ստեղծագործությունները: 

«Նմանատիպ փառատոն Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում: Երեք մեծ սիմֆոնիկ կոլեկտիվ՝ Ֆիլհարմոնիկ, Երիտասարդական եւ Կամերային նվագախմբերը մասնակցում են այս փառատոնին: Հանդես են գալիս աշխարհահռչակ մենակատարներ: Կազմակերպվում են բազմազան համերգներ.մարդիկ ունեն ընտրության հնարավորություն: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում նման բարձր մակարդակի փառատոն ունենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նարե Արղամանյանը: 

Հուլիսի 10-ից մեկնարկում է «Արմենիա»-ի շրջանակում անցկացվող դաշնակահարների մրցույթի երկրորդ փուլը: Նշենք, որ մրցույթի երկրորդ փուլ են անցել 20 դաշնակահարներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիան, Լեհաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Հայաստանը։ 

Տեղեկացնենք, որ մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն կավարտվի հուլիսի 12-ին.հայտնի կդառնան դաշնակահարների մրցույթի հաղթողները: Նույն օրը երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համերգով հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը: