Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 10-07-2017
«Ոսկե ծիրան» ` վայելե՛ք կինոարվեստի շունչը
Հուլիսի 9-16-ը համաշխարհային կինոարվեստի շունչն ուղիղ մեկ շաբաթ կթեւածի մայրաքաղաքում: Երեկ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկեց 14-րդ «Ոսկե ծիրան»-ը:

Մոսկվա» կինոթատրոնի առջեւ հանդիսավորությամբ բացվեցին հայ անվանի կինոգործիչներ Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Իսրայելյանի, Յուրի Երզնկյանի աստղերը: 

Ինչպես պաշտոնական բացման, այնպես էլ Կարմիր գորգի արարողության ընթացքում «Ոսկե ծիրանի» ռիթմերը ազգային էին՝ ջազային մեկնաբանությամբ: Բացման արարողակարգը փոքր-ինչ փոփոխության էր ենթարկվել: Նախ բոլորին ողջունեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ապա ցուցադրվեց տեսաֆիլմ՝ ի հիշատակ Ռուբեն Գեւորգյանցի:



14-րդ «Ոսկե ծիրան» փառատոնն այս  տարի  ստացել է 1100 մասնակցության հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։ «Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը ներկայացվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Իսկ ահա փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Մենք երկար ճանապարհ ենք անցել «Ոսկե ծիրանի» հետ եւ կարող եմ ասել, որ կինոտոն լինելուց բացի, այս փառատոնը կարեւոր առաքելություն է ստանձնել: Արդեն տասնչորս տարի, այն փորձում է արվեստի ամենազոր ուժով արթուն պահել մարդու միտքն ու լուսավոր մտածելու ունակությունը, մարդկությանը դարձնել քաղաքակիրթ արժեհամակարգի հետեւորդ: Կինոն ազդեցիկ միջոց է միմյանց ճանաչելու, հասկանալու եւ հարգելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Հաճելի անակնկալներ էր պատրաստել հանդիսության մասնակիցների համար ջազմեն Վահագն Հայրապետյանը: Նա հայտարարեց, որ գրել է փառատոնի համար օրհներգ եւ որ իր ղեկավարած ջազ բենդը, որն արդեն մի քանի անգամ ձայնավորել է հայկական համր ֆիլմերը՝ «Ոսկե ծիրանի» առաջարկությամբ եւ ներկայացրել դրանք կինոփառատոնի բացման արարողությունների ժամանակ, այսուհետ ունենալու է անուն՝ «Ոսկե ծիրան ավանգարդ ֆոլկ բենդ»: 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող եւ ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը: