Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 30-06-2017
Գերմանիայի հավաքականը կպայքարի եզրափակիչում
Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակիչում աշխարհի չեմպիոններն առանց խնդիրների հանդիպում ունեցան Մեքսիկայի հավաքականի հետ:

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնին արդեն լավ հարմարված Գերմանիայի հավաքականը շատ ակտիվ սկսեց Մեքսիկայի հետ խաղը: Մինչև ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնը կփորձեր ուսումնասիրել մրցակցին, աշխարհի չեմպիոններին հաջողվեց երկու գնդակ խփել:

Հանդիպման արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լեոն Գորեցկան՝ եզրափակելով թիմակիցների ձեռնարկած գրոհը: Երկու րոպե անց 22-ամյա կիսապաշտպանը կրկին բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց. Գորեցկան երկրորդ գնդակն ուղարկեց Գիլյերմո Օչոայի պաշտպանած դարպասը: Առաջին կեսում թիմերը միմյանց դարպասը գրավելու մյուս հնարավորությունները այդպես էլ չօգտագործեցին:

Երկրորդ կեսը Գերմանիան կրկին ակտիվ սկսեց եւ կարողացավ 3 գնդակն ուղարկել Մեքսիկայի հավաքականի դարպասը: Այս անգամ աչքի ընկնելու հերթը Թիմո Վերներինն էր: Գերմանացին այս մրցաշարում խփեց 3-րդ գնդակը եւ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը:

Մեքսիկացիներին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել հանդիպման ավարտին մոտ: Տուգանային հարվածի արագ խաղարկումը օգնեց Մարկո Ֆաբյանին, որի հեռահար կրակոցին Տեր Շտեգենը չէր սպասում՝ 3-1:

Գերմանիան չթուլացրեց խաղի ռիթմը եւ մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ամին Յունեսը խփեց 4-րդ գնդակը՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 4-1: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Գերմանիան երկրորդ անգամ ուժերը կչափի Չիլիի ընտրանու հետ՝ այս անգամ եզրափակիչում. խաղը կկայանա Սանկտ Պետերբուրգում: