Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 11-07-2017
«Երեւան. XX դար». մայրաքաղաքի պատմությունը՝ մեկ գրքում
«Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղում այսօր կայացավ «Երեւան. XX դար» գրքի նոր հրատարակության շնորհանդեսը:

 Այն քաղաքամայր Երեւանի ողջ կոլորիտն ու պատմական դիմագիծն ամփոփող պատկերազարդ գիրք-հուշարան է, որում տեղ են գտել երեւանցիների ամենասիրված վայրերի մասին պատմություններ, պատմամշակութային հուշարձանների հեղինակների, ճարտարապետների, հայտնի երեւանցիների հարցազրույցներ, հիշողություններ ու հետաքրքիր, յուրօրինակ պատմություններ, արխիվային լուսանկարներ՝ լի երեւանյան վառ գունապնակը պահպանելու ու փոխանցելու ձգտումով:

«Երեւան. XX դար» գրքի նոր հրատարակությունն իրականացվել է «Մեդիամաքս» մեդիա-ընկերության կողմից՝ «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության հետ համատեղ: 

Շնորհանդեսին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաեւ ճարտարապետներ, պետական կառույցների, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ճանաչված եւ սիրված երեւանցիներ: 

«Երեմյան Փրոջեքթս» կազամակերպության հիմնադիր Դավիթ Երեմյանը նշեց, որ «Երեմյան Փրոջեքթս»-ը մշտապես եղել Երեւան քաղաքի հետ կապված հետաքրքիր նախաձեռնությունների կողքին, իսկ այս նախագիծը եւս բացառություն չէ: «Երեւանն այն քաղաքներից է, որն ունի մեծ պոտենցիալ, որտեղ միշտ աշխատում ու արարում են»,-փաստեց Դավիթ Երեմյանը: 



«Մեդիամաքս» մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանի խոսքով՝ սա թվով 2-րդ հրատարակությունն է, որը հրատարակելու համար շատ արագ եւ հստակ որոշում է կայացվել գործընկերոջ՝ «Երեմյան Փրոջեքթս» կազամակերպության հարցում:  «Ես կարծում եմ, որ Երեւանն ամառային քաղաք է, ուստի շատ խորհրդանշական ու դրական է, որ այս գիրքը ներկայացվում է հենց ամռանը»,-նշեց Արա Թադեւսյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհավորեց գրքի շնորհանդեսդի կապակցությամբ եւ մեջբերեց Երեւանի մասին հիշատակությունները, մատնանշելով Սեբեոսի խոսքերը. «Երեւանը արեւաշատ եւ առեւտրաշատ քաղաք է»: 

Նախարարն այն կարծիքին է, որ այս գիրքը հենց մեր արեւաշատ եւ ինչու չէ առեւտրաշատ քաղաքի մասին է, որը կարող է կամրջել մեր հիշողությունը մեր ապագայի հետ, իսկ անցյալը՝ կապել այսօրվա հետ:  

«Այս գիրքը նոր ճանապարհներ կբացի դեպի Երեւան, կբերի նոր տրամադրություն, նոր շունչ ու շնչառություն»,-նշեց Արմեն Ամիրյանը:  

Նշենք, որ գիրքը հնարավոր է ձեռք բերել «Լավաշ» ռեստորանի խանութում եւ «Բուկինիստ» գրախանութների ցանցում: Գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Երեւանում նոր մշակութային նախագծերի իրականացմանը: