Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-07-2017
Երեւանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մասնակիցները հայ հանդիսատեսի մասին
Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացված Երեւանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մասնակից երաժիշտները տպավորված են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ եւ փառատոնի բարձր մակարդակով:

Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս, հայտնի կիթառահար Վլադիմիր Կիրասիրովն (Ռուսաստան) առաջին անգամ էր Հայաստանում: 

«Տպավորություններս շատ լավն են: Երկու համերգ եմ ունեցել փառատոնի շրջանակում: Հանդիսատեսը շատ ջերմ էր: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Այստեղ հանդես եմ եկել նաեւ վարպետության դասով, որին մասնակցել են շատ տաղանդավոր երեխաներ: Հիասքանչ է, որ կա նման փառատոն, որին մասնակցում են կիթահարներ տարբեր երկրներից, կիսվում իրենց փորձով: Սա երիտասարդ կիթառահարների ինքնազարգացման համար մեծ խթան է»,-նշում է Վլադիմիր Կիրասիրովը: 

Կիթառահարը փաստում է, որ դասական կիթառի նկատմամբ հետաքրքրություն աշխարհում կա, բայց ավելի քիչ է, քան մյուս գործիքների նկատմամբ: «Հետաքրքրությունը դասական կիթատի նկատմամբ  հնարավոր է մեծացնել նման հրաշալի փառատոնների միջոցով»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի եւս հանդես կգա Երեւանյան միջազգային կիթառի փառատոնին: 

Եվգենիա Մարկովան (դոմրա/Ռուսաստան) նույնպես տպավորված է փառատոնով, Երեւանում է երկրորդ անգամ: 

«Հանդիսատեսը շատ ջերմ էր. Երեւանում միշտ շատ հաճելի է ելույթ ունենալ: Հանդիսատեսին շատ հետաքրքրեց իմ գործիքը՝ դոմրան: Ի դեպ, մեր համերգներից մեկին հանդես ենք եկել նաեւ Կոմիտասի, Նարեկացու ստեղծագործություններով: Շատ սիրում եմ իրենց գործերը, կատարել եմ նաեւ Սանկտ Պետերբուրգում: Պարզապես սիրահարվել եմ Կոմիտասի երաժշտությանը»,-ընդգծեց Եվգենիա Մարկովան՝ նույնպես հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ կվերադառնա մեր երկիր: 

Բացի համերգներից հյուրերը նաեւ հնարավորություն են ունեցել բացահայտելու Հայաստանը, եղել են մեր երկրի տարբեր մշակութային վայրերում, ծանոթացել մեր պատմությանը: 

Հիշեցնենք, որ Երեւանում անցկացված կիթառի 3-րդ փառատոնին մասնակցեցին ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու եւ վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն ընձեռեց: 

Երաժշտական տոնը կազմակերպել էին Երեւանի կիթառահարների եւ Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Փառատոնի աջակիցներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) եւ YerazArt հիմնադրամը: