Նյութը՝ «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ից
Տեղադրվել է 12-07-2017
Էներգախնայողության ծրագրեր մարզերում՝ տեղի երիտասարդության մասնակցությամբ
Երեւանում հուլիսի 3-ից 7-ը կայացավ «Երիտասարդական էներգոակումբներ» խորագրով սեմինարը, որը մեկ հարկի տակ էր հավաքել Շիրակի մարզի Ախուրյան, Մեծ Մանթաշ եւ Սարալանջ գյուղերի թվով 15 ակտիվ երիտասարդների։

Արդեն երրորդ տարին անընդմեջ «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպությունը Եվրամիության  ֆինանսավորմամբ Շիրակի մարզի Ախուրյան եւ Մեծ Մանթաշ համայնքներում իրականացնում է ՔԼԻՆ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է՝ համայնքի ակտիվ երիտասարդների շրջանում բարձրացնել էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի մասին տեղեկացվածությունը, ինչպես նաեւ Ախուրյան, Մեծ Մանթաշ, Սարալանջ համայնքներում հիմնել «Երիտասարդական էներգոակումբներ», նպաստել դրանց կայացմանը՝ այս կերպ խթանելով մարզի երիտասարդության ներգրավվածությանը համայնքների հասարակական կյանքին, նպաստել այլընտրանքային էներգիայի կիրառելիության, շահավետության մասին նրանց տեղեկացվածության բարձրացմանը, երիտասարդների մոտ զարգացնել կարողություններ՝ կյանքի կոչելու էներգախնայողությանն առնչվող այնպիսի ծրագրեր, որոնք կծառայեն ի շահ համայնքի։ 

Ծրագրի երրորդ փուլի շրջանակներում «Երիտասարդական էներգոակումբներ» խորագրով սեմինարի մեկնարկին մասնակցիներին ներկայացվեց «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպության գործունեությունը, ինչպես նաեւ ՔԼԻՆ ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներին «Տապան» ՀԿ-ի ղեկավար Հրանտ Սարգսյանը ներկայացրեց էներգախնայողության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեցող փայտե պատուհանների պատրաստման ձեւերն ու եղանակները, փորձագետ Գեւորգ Պետրոսյանն էլ  ներկայացրեց Հայաստանի էներգետիկ կարողությունների մասին հետազոտական արդյունքներ, որպես էներգոխնայողության արդյունավետ ու հաջողված փորձ ներկայացվեց Բասեն համայնքը։ Ակտիվ եւ կառուցողական քննարկումների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան հանգամանորեն ծանոթանալ իրենց համայնքներում էներգոխնայողական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին ու առավելություններին։ Համայնքների համալիր զարգացման գաղափարի շրջանակներում սեմինարի մասնակիցները նաեւ հնարավորություն ունեցան քննարկելու տեղական ինքնակառավարման մարմիններ եւ համայնքի բնակիչներ համագործակցության ձեւաչափերը, միջոցներն ու մեխանիզմները, որոնց գործադրմամբ վերոնշյալ համայնքներում հնարավոր կլինի կյանքի կոչել էներգոխնայողությանը եւ վերականգնվող էներգետիկային վերաբերող տեղական ու միջազգային ծրագրեր։ 

«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում ծրագրի մասնակիցները ներգրավվեցին «Վերականգնվող էներգետիկայի Հայաստանի հնարավորությունները եւ դրանց ազդեցությունը համայնքների զարգացման վրա» խորագրով հանդիպում-քննարկմանը։ 

«Երիտասարդական էներգոակումբներ» խորագրով սեմինարի վերջին օրը մասնակիցները մշակեցին ու ներկայացրեցին էներգոխնայողությանը վերաբերող ծրագրեր։ 

Փոքր դրամաշնորհային ծրագրի  շրջանակներում ներկայացված ծրագրերից լավագույնը կստանա ֆինանսավորում եւ կազմակերպչական աջակցություն «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ից կողմից։ Կազմակերպության ղեկավար Սիրարփի Մանյանի խոսքերով, ծրագիրը կարեւոր ներդրում ունեցավ շահառու համայնքների երիտասարդներին էներգոխնայողության եւ էներգաարդյունավետության ոլորտներում հմտություններ ու կարողություններ տալու տեսանկյունից. 

«Ծրագրի շրջանակներում մենք Ախուրյան, Մեծ Մանթաշ եւ Սարալանջ համայնքներում ստեղծել ենք «Երիտասարդական էներգոակումբներ», որոնց նպատակն է ակտիվ երիտասարդների ներգրավմամբ տվյալ համայնքներում մշտական ուշադրության կենտրոնում պահել էներգախնայողության թեման, համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ հասնել այդ ոլորտում համայնքների համար շոշափելի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման»,-նշում է Սիրարփի Մանյանը։