Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 13-07-2017
Մաքսիմ Վենգերովը՝ հայաստանյան բեմում հանդես գալու, կորցրած ջութակի ու «Արմենիա»-ի մասին
«Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով հուլիսի 12-ին եզրափակվեց «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը:

Իրադարձություն, որը Երեւանում համախմբեց լավագույն արտիստներին ու միավորեց երեք՝ Երիտասարդական, Ֆիլհարմոնիկ եւ Կամերային նվագախմբերին: Բացառիկ համերգներ, թեժ մրցակցություն, հագեցած ծրագիր.հայաստանյան բեմահարթակներում փառատոնային օրերին միայն լավագույններն էին: Նշենք, որ մրցույթ-փառատոնը կազմակերպել ու իրականացրել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը: 

Այս օրերի գագաթնակետն, անկասկած, Մաքսիմ Վենգերովի եւ Երիտասարդական նվագախմբի համերգն էր, որը կազմակերպվեց Արամ Խաչատրյան համերգասրահում: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Դեբյուսիի, Բրամսի, Շորի ստեղծագործությունները: Իսկ որպես «բիս» Վենգերովը կատարեց Բախի գործերից.հոտնկայս ծափահարող լեփ-լեցուն դահլիճը պարզապես չէր թողնի, որ ջութակահարը բեմից առանց «բիս»-ի հեռանա: Իր երեւանյան այցի ընթացքում Վենգերովը մեծ սիրով ու ջերմությամբ խոսեց հայ հանդիսատեսի, Երիտասարդական նվագախմբի մասին, հիշեց նաև, թե ինչպես է կորցրել Ստրադիվարիուսի ջութակը: Eritasard.am-ը ներկայացնում է մտքերի ծաղկաքաղ՝ Վենգերովի երեւանյան ասուլիսից: 

Մաքսիմ Վենգերովը՝ «Արմենիա»-ի մասին

Փառատոներն աշխարհում շատ են, սակայն մրցույթ -փառատոնը երիտասարդ կատարողների համար առանձնահատուկ դեպք է, եւ ուրախ եմ փառատոնին իմ մասնակցության համար: «Արմենիա» մրցույթ-փառատոնի մասին ինքը շատ երկրներում եւ շատ աղբյուրներից եմ լսել, մասնավորապես Ֆրանսիայում եւ Գերմանիայում։ Ուրախ եմ, որ փառատոնի մի մասն եմ:

Հայաստանում լինելն ինձ համար հսկայական տոն է։ Վերջին համերգին, հիշում եմ, հայ հանդիսատեսն ինձ այնպես դիմավորեց, ինչպես ռոք համերգներին են անում, այնպես էին ծափահարում։ Ես ինքս շատ զգացմունքային եմ, այնպես որ, այստեղ ներդաշնակության մեջ եմ հանդիսատեսի հետ


Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցության մասին

Անցած անգամ, երբ մենք Սերգեյի հետ զրուցում էինք, նա պատմում էր ապագա ծրագրերի մասին, եւ ես վստահ էի, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի. այնպիսի կայծ կար աչքերում։ Եվ հիմա որպես արդյունք՝ ունենք այս հրաշալի մրցույթ-փառատոնը:

Մեծ պատիվ է ելույթ ունենալ Հայաստանում: Ուրախալի է շփվել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսին է Սերգեյ Սմբատյանը՝ իմ հիանալի ընկերը։ Նա լի է նոր գաղափարներով։ Այն, ինչ արել է Սերգեյ Սմբատյանը Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, հրաշք է։ 

Խաչատրյանի Ջութակի կոնցերտը կատարելու մասին 

Խաչատրյանի այդ գործը կատարելու առաջին փորձերն արել եմ տարիներ առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն դուրս մնաց ծրագրից: Դեռ ինձ երիտասարդ եմ համարում, եւ կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջեւում է, կհասցնեմ կատարել: Խաչատրյանի Ջութակի կոնցերտը ջութակի համար նախատեսված լավագույն 10 ստեղծագործությունների շարքում է:

Ջութակը մի քանի անգամ կորցնելու մասին 

Մի անգամ մոռացել եմ գնացքի մեջ, մի անգամ` մինչեւ գնացք նստելը, գնացք նստեցի, հետո իջա ու վազեցի մոտ 20 րոպե, բայց միշտ, փառք Աստծո, գտել եմ, մի անգամ էլ կորցրել եմ ռեստորանում ու կրկին ինքս եմ գտել:

Երաժշտությունը քաղաքականացնել-չքաղաքականացնելու մասին

Երաժշտությունը յուրահատուկ լեզու է, որը հնարավորություն է տալիս առանց բառերի փոխանցել տարբեր զգացմունքներ, եւ դրա համար, իմ կարծիքով, երաժշտությունը պետք  է հնչի ամենուր՝ առանց արգելքների։ Երաժշտությունն այն է, ինչի միջոցով իրար հասկանում են բոլորը՝ անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից: 

Պատկերասրահ՝ Մաքսիմ Վենգերովի համերգը Երեւանում է