Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-07-2017
ԱՄՆ դեսպանատունը եւ «COAF»-ն ամփոփեցին անգլերենի «Աքսես» ծրագիրը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը եւ Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF) ամփոփեցին ԱՄՆ պետքարտուղարության անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիրը:

Հուլիսի 13-15-ն անցկացվող «Աքսես» ծրագրի ամառային ավարտական ճամբարի ընթացքում ծրագրի 102 մասնակիցները ներկայացրեցին անցած ճանապարհն ու ավարտական վկայականներ ստացան: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ «COAF»-ի համագործակցությունը անգլերեն լեզվի դասավանդման ծրագրերի շրջանակներում շարունակական բնույթ է կրում: Սա համագործակցության 3-րդ փուլն է, որին մասնակցում է Հայաստանի 3 մարզի 100-ից ավելի դպրոցական: 2011թ.-ից ծրագրի շահառու է դարձել 13-16 տարեկան պայծառ, տնտեսապես խոցելի 300 աշակերտ: 2015-2017թթ. ծրագիրն իրագործվել է Արագածավան (Արագածոտնի մարզ), Հացիկ (Արմավիրի մարզ), Թումանյան, Աքորի եւ Դեբետ (Լոռու մարզ) համայնքներում: Համագործակցության նպատակը Հայաստանի գյուղական համայքներում անգլերենի ուսուցման խրախուսումն է, ինչպես նաեւ ծրագիրը խթան է հանդիսանում, որպեսզի երիտասարդները մասնակցեն համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործին: Անգլերենից համապարփակ գիտելիքներ ստանալուն զուգահեռ՝ «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի մասնակիցները հմտություններ են ձեռք բերում 3 այլ հիմնական ուղղություններով՝ ԱՄՆ մշակույթ եւ ժողովրդավարական արժեքներ, անձնային աճ, համայնքային ծառայություն: 

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ժաքլին Ս. Դիլին Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագրի գործարկումից ի վեր՝  արդեն ունեն մոտ 450 մասնակից եւ շրջանավարտ, իսկ ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը ծրագիրը սկսել է 2005թ.-ից: Այն իրականացվում է մոտ 85 պետություններում, որի շրջանակներում մասնակիցների եւ շրջանավարտների թիվը հասնում է մոտ 95 հազարի: Հարցին, թե ինչ արդյունքներ են արձանագրվել ծրագրի շրջանակներում, Ժաքլին Ս. Դիլին ասաց. «Երեխաներից շատերն անգլերենի ուսուցումը սկսում են զրոյից, իսկ 2 տարի անց՝ արդեն բավականին վստահ կարողանում են իրենց մտքերն արտահայտել անգելերով, իսկ հետագայում նաեւ իրենց համար ճանապարհ հարթել՝ կրթության եւ աշխատանքի ոլորտում: Ծրագիրը երկարաժամկետ է եւ ուղղորդված դեպի ապագան: Անգլերենի իմացությունը մասնակիցներին հնարավորություն է տալիս իրականացնել իրենց երազանքները, որովհետեւ անգլերենը մեծ հնարավորություններ է տալիս»: 

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի խոսքով՝ շեշտը դրվում է մարզերի վրա, որտեղի գյուղերում անգլերենի ուսուցումն այդքան էլ զարգացած չէ: Նման ծրագրի արդյունավետությունն ապահովում է նաեւ ամուր համագործակցությունը՝ Հայաստանի մանուկների հիմնադրամի հետ (COAF): 

Հայաստանի մանուկների հիմնադրամի Անգլերենի ծրագրերի համակարգող Սյուզաննա Խաչատրյանը մի շարք մանրամասներ ներկայացրեց ծրագրի մասին: Թղթակցի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել երեխաները, Սյուզաննա Խաչատրյանը նշեց, որ երեխաների ընտրությունը կատարվել է դպրոցների տնօրենների հետ համագործակցության եւ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով տարիքային սահմանափակումը, երեխաների ընդունակությունները (անցկացվել է թեստ), ցանկությունն ու աշխատասիրությունը: «Շատ կուզեինք, որպեսզի բոլորն ընդգրկվեին, սակայն առկա էր քանակի սահմանափակում, քանի որ ամեն խմբում պետք է 18 աշակերտ լիներ»,-նշեց Անգլերենի ծրագրերի համակարգողն ու հավելեց, որ հաջորդ փուլի համար նախատեսվում է քանակի ավելացում եւ այլ մարզերի ներառում: 

 «COAF»-ի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը հույս հայտնեց, որ իրենք կիրականացնեն նաեւ «Աքսես»-ի չորրորդ ծրագիրը, քանի որ նախորդ 3-րդը վստահվել է հենց «COAF»-ին: Ըստ Էսթեր Հակոբյանի՝ նման ծրագրի հաջող իրականացումը կապված է նաեւ «COAF»-ի թիմի միացյալ աշխատանքով:

Նշենք, որ լեզվի դասընթացից բացի, նախաձեռնությունը կենտրոնանում է նաեւ տեղական մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ գյուղի ուսուցիչներին ընդգրկելով որպես «Աքսես» ծրագրի դասավանդողների օգնականներ: 

Թամարա Մարգարյանը, ով Արագածավանի № 1 դպրոցի անգլերենի ուսուցչուհի է, մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրում ներառված են Արագածավանի թվով երկու դպրոցների աշակերտներ, որոնց անգլերենի գիտելիքները ծրագրից առաջ բավարար չէին՝ լիարժեք հասկանալու եւ հաղորդակցվելու համար, սակայն ծրագրից հետո՝ արդյունքն իսկապես գոհացուցիչ է: «Աշակերտներն իրենց նպատակասլացության, աշխատասիրության եւ սովորելու ցանկության շնորհիվ կարողացան իսկապես ձեռք բերել խորը գիտելիքներ՝ անգամ նրանք, ովքեր առավել քիչ գիտելիքներ ունեին»,-նշեց Թամարա Մարգարյանը եւ հավելեց, որ ծրագրի շրջանակներում մեծ հաճույքով է աշխատել, իսկ աշակերտների գրանցած արդյունքներով՝ հպարտանում է: 

Eritasard.am-ի թղթակիցը զրուցեց նաեւ համայնքների աշակերտների հետ եւ պարզել, թե ինչ է տվել նրանց ծրագիրը եւ ինչ դեր խաղացել նրանց կյանքում:

Էդիկ Հովսեփյանն ու Ռուբինա Ավետիսյանը Արագածավանի (Արագածոտնի մարզ) դպրոցում են սովորում: Երկուսն էլ սկսել են անգլերեն սովորել հենց ծրագրի շրջանակներում: Էդիկն արդեն որոշել է խորացնել իր գիտելիքները, որպեսզի ապագայում թարգմանիչ դառնա, իսկ Ռուբինան՝ ընտրել է զբոսաշրջության ոլորտը: 

Աղասի Մարտիրոսյանը, ով Հացիկից է (Արմավիրի մարզ), ուրախ է, որ մասնակցել է ծրագրին, քանի որ կարողացել է ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլ նոր ընկերներ: Աղասին մինչեւ ծրագրին մասնակցելը չի իմացել անգլերեն, իսկ սովորելու ցանկությունն առաջացել է հենց ծրագրի դասերին հաճախելու ժամանակ: Վերջինս բոլոր երեխաներին խորհուրդ տվեց չկորցնել այն ժամանակը, որ տրված է սովորելու համար, քանի որ ամեն րոպեն թանկ է: Որպես ապագա մասնագիտություն՝ ընտրել է ծրագրավորողի մասնագիտությունը, ուստի կարծում է, որ առավել պետք է խորացնի անգլերենի իր գիտելիքները: 

Աքորի գյուղի (Լոռու մարզ) 14-ամյա պատանին՝ Դավոյան Սարգիսը, որոշել է ֆուտբոլիստ դառնալ: Վերջինս կարծում է, որ մասնագիտության հարցում անգլերենի իմացությունը կարեւոր է: Ծրագրի շրջանակներում կարողացել է ձեռք բերել գիտելիքներ, որոնք անպայման կկիրառի, սակայն ձեռք բերածով մտադիր չէ սահմանափակվել, քանի որ ինչպես ինքն է նշում՝ լեզուն պետք է կիրառել ու զարգացնել: 

Նայելով այս աշակերտներին՝ վստահորեն կարելի է փաստել, որ ծրագիրը հաջողված է: Չնայած իրենց տարիքին՝ վերջիններս գիտակցում են, որ լեզվի իմացությունն իրենց համար կարեւոր է, իսկ ապագայի համար՝ անհրաժեշտություն: 

Նշենք, որ այս համալիր ծրագրի անբաժան մասն են կազմում նաեւ լեզվի ուսուցմանը նպաստող լրացուցիչ միջոցառումները, այդ թվում՝ անգլերենի ամառային ճամբարները: 2017 թ.-ից ամառային ճամբարը յուրահատուկ ավարտական հանդես է, որի ընթացքում գյուղաբնակ երիտասարդները դրսեւորում են իրենց,  հանդես գալիս ելույթներով, ներկայացումներով, ինչպես նաեւ ընկերանում մյուս համայնքների իրենց տարեկիցների հետ: