Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 17-07-2017
Yerevan Color Run - 2017՝ կայացավ տարվա գունագեղ վազքը….
Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքում արդեն 3-րդ անգամ անցկացվեց «Երեւանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) մարզական, ժամանցային վազքարշավը:

Այս տարի առաջին անգամ միջոցառումն անցկացվեց Հանրապետության հրապարակում: Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը տարեցտարի ավելի լայն թափ է ստանում, հետեւաբար՝ պետք է այն իրականացնել ավելի մեծ տարածքում: 

5 կմ երկարությամբ վազքուղին ներառում էր Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները եւ Մաշտոցի պողոտան: Վազքի մասնակիցները պատվել են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշիներով: Թեեւ վազքարշավը մրցութային չէր, բայց վերջնագիծն առաջինը հատած երեք տղաներն ու երեք աղջիկներն արժանացան մրցանակների:

Հատկանշական է, որ «Երեւանյան գունազարդ վազքը» մայրաքաղաքում կազմակերպվում է 2015 թվականից: Այն ունի միջազգային ձեւաչափ եւ անց է կացվում աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան եւ այլն:

Միջոցառման գլխավոր նպատակը մայրաքաղաքի բնակիչների եւ  հյուրերի շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, իսկ վազքարշավից ստացված ողջ հասույթը նախատեսված է բարեգործական նպատակների համար:

Միջոցառումն ավարտվեց գունազարդ «հրավառությամբ» եւ դիսկոտեկով:

Պատկերասրահ՝ Գունազարդ վազք - 2017