Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 18-07-2017
Հայտնի են «Հայկական PR» մրցանակաբաշխության հաղթողները
«Beeline»-ի աջակցությամբ «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն այսօր՝ հուլիսի 18-ին, հայտարարեց «Հայկական PR» մրցանակաբաշխության հաղթողներին:

«Հայկական PR» մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հանրային կապերի մասնագետների դերի բարձրացմանը, հանրային կապերի կարեւորմանը՝ հասարակության հետ հետադարձ կապի ապահովման նոր մեթոդների եւ տեխնոլոգիաների ստեղծմանն ու կիրառմանը: Մրցանակաբաշխությունը նպաստում է մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ  եւ առաջադեմ մտածողության զարգացմանը: 

Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Beeline» ընկերությունը կարեւորում է ինչպես հանրային կապերի, այնպես էլ՝ հանրային կապերի մասնագետների դերը երկրի զարգացման գործընթացում: Հրապարակային եւ թափանցիկ գործելաոճի շնորհիվ թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցը կարող է վստահություն ձեռք բերել, ապահովել հաղորդակցության ուղիների կառավարում, հասարակության կողմից տրված ազդակները վերլուծել եւ ձեւավորեպ համապատասխան միջավայր: «Յուրաքանչյուր կառույցի համար կարեւոր է իր հեղինակությունը, ուստի, գրագետ PR-ի պարագայում՝ հաջողությունն ապահովված է:  «Beeline» ընկերությունն ամեն ինչ անում է, ինչը հզորացնում է Հայաստանը»,-նշեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրենը:



«Հայկական PR ասոցիացիա»-ի նախագահ, ԵՊՀ տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն իր հերթին նշեց, որ այս մրցանակաբաշխությունն արդեն 2-րդ անգամ է իրականացվում: Մեկ տարվա ընթացքում մշտադիտարկման է ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակում եւ տեսանյութ: Մշակված եւ  թիրախավորված հարցաթերթիկներն առաքվել են 2025 փորձագետների, լրագրողների եւ խմբագիրների: Ձեւավորվել են տարբեր տարիքի, սեռի, մասնագիտության տեր մարդկանց ֆոկուս խմբեր, ովքեր անկեղծորեն քննարկել եւ վեր են հանել ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները: Հավաքագրման արժեքավոր եւ նպատակային տեղեկատվության մշակումից հետո մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգի համար առանձնացվել է 3 լավագույն թեկնածու կամ ծրագիր, որոնցից հաղթողներին որոշել են «Հայկական PR» մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամները՝ փակ, գաղտնի քվերակությամբ: 

«Հայկական PR» մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն էին՝ Վազրիկ Բազիլը (Հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր, Արամ Աբրահամյանը (Արվեստագիտության թեկնածու, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր), Վիկտոր Սողոմոնյանը (Քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար), Կարեն Քոչարյանը («P-Art» ընկերության տնօրեն, PR տեխնոլոգ), Նաիրա Նազարյանը («Beeline»-ի հանրային կապերի ղեկավար), եւ Աստղիկ Ավետիսյանը (Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հայկական PR ասոցիացիա»-ի նախագահ):



Մրցանակաբաշխության հաղթողներին ըստ անվանակարգերի՝ ներկայացնում ենք ստորեւ.

Տարվա մամուլի քարտուղար - ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայան
Տարվա PR իրադարձություն - Ուխտագնացություն՝ առաջին քրիստոնյա երկիր. Հռոմի պապի այցը՝ Հայաստան (ՀՀ ԱԳՆ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)
Տարվա իմիջային PR - ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես՝ ՀՀ ԶՈւ-ի փառքի եւ հեղինակության ամրապնդման համար (ՀՀ ՊՆ)
Տարվա հրապարակային գործիչ - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
Տարվա քաղաքական գործիչ - ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան
Տարվա մշակութային PR - «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն  
Տարվա  ԶԼՄ - «Արմենպրես» լրատվական գործակալություն
Տարվա պետական կառույց - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Տարվա ճգնաժամային կառավարում - Առաջնագծի տեխնիկական հագեցվածություն եւ արդիականացում (Արցախի ՊՆ)
Տարվա PR նախաձեռնություն - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
Տարվա ֆինանսական PR - ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոն՝ Հայաստանի դրամաշրջանառության պատմության եւ դրամավարկային քաղաքականության հանրայնացման համար
Հայկական բրենդ - Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» ապրանքանիշ
Տարվա նորարարական PR - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Տարվա PR տեխնոլոգիա - Հայաստան իմ սեր (ՀՀԿ)
Տարվա Հայաստանի բարեկամ - ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր

Ինչպես նաեւ հատուկ մրցանակի արժանացան՝ Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը (հանրային կապերի արժեւորման եւ գրագետ հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման համար), եւ Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը (հրապարակային եւ գրագետ աշխատանքի համար): 

Պատկերասրահ՝ Հայկական PR մրցանակաբաշխություն - 2017