Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 21-07-2017
Գավառը մեծ շուքով ընդունեց փորձագետներին
Հուլիսի 20-ին գավառցիներն աղուհացով, երգ-երաժշտությամբ դիմավորեցին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագետներին եւ Կազմկոմիտեի անդամներին:

Հյուրերի առաջին կանգառը քաղաքապետարանն էր, որտեղ խոսվեց Գավառում իրականացրած ծրագրերի մասին: Դրանց մի մասն առաջարկվել եւ ընդունվել է հենց երիտասարդների կողմից:

«Ապագան երիտասարդներինն է, մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք առաջ գնան, նաեւ նրանց շնորհիվ քաղաքը զարգանա: Մենք կողմնակից ենք առողջ մրցակցությանը: Կարող էինք շուտ էլ ներկայացնել հայտը, բայց հիմա ավելի պատրաստ ենք»,- նշեց քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում էլ տեղացիները կոնկրետ օրինակներով շեշտեցին քաղաքում կատարված փոփոխություններում երիտասարդների դերը: 

Փորձագետները հյուրընկալվեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետարանում: Մարզպետ Կարեն Բոթոյանը պատրաստակամություն հայտնեց լիազորությունների շրջանակում աջակցել երիտասարդական նախաձեռնություններին. «Ես համոզված եմ, որ մեր երիտասարդությունն ամեն ինչ անելու է, որպեսզի հավուր պատշաճի կրի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը, իսկ շատերն ընդօրինակեն»:

Հյուրերն ունկնդրեցին տեղի մշակութային կենտրոնների սաների ելույթները, ծանոթացան աշակերտների ձեռքի աշխատանքներին, նրանց հաջողություններին, այցելեցին Գավառի քաղաքային գրադարան, մարզադպրոց, մանկատուն, հյուրանոց:

Գավառի պետական համալսարանում էլ հյուրերին դիմավորեց ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ում ուղեկցությամբ էլ փորձագետները եղան ԳՊՀ պրոֆեսոր Վարշամ Ավետյանի անվան պատմության թանգարանում: Տիկին Հակոբյանը կարեւորեց համալսարանի դերը երիտասարդների կայացման եւ քաղաքի զարգացման գործում:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը հաջողություն մաղթեց գավառցիներին. «Անկախ աստվածատուր, բնական ռեսուրսներից, որ ունենք, այն երիտասարդությունը, այն ուժն ու ավյունը, այն համագործակցությունը, որը կա քաղաքապետարանում ու մարզպետարանում, համալսարանում, միասնությունը թող լինի շարունակական»:

Այցելության ավարտին փորձագետները Գավառի ռոբոտաշինության խմբակում եւ «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունում էին: Նշենք, որ վերջինիս 2014 թվականին «Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում» անվանակարգում շնորհվել է Հայկյան մրցանակ: 

Համընդհանուր ոգեւորությունն ամենուր էր. յուրաքանչյուրը փորձում էր լավագույնս ներկայացնել հայրենի քաղաքը: Նրանց կարծիքով՝ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը հնարավորություն կտա ավելի շատ նախաձեռնություններով հանդես գալու, ամրապնդելու մարզերի միջեւ կապը, կավելացնի ոգեւորվածությունն ու պատասխանատվությունը: 

«Անկախ մրցույթի արդյունքներից՝ մենք երբ ծրագիր ենք պլանավորում, փորձում ենք իրականացնել: Երիտասարդական մայրաքաղաքի կոչումը կընդլայնի ճանաչումը, կտա այն բարոյական հաղթանակը, որ մենք կարողացել ենք հասնել դրան, մեր քաղաքին կընձեռի լայն հնարավորություններ»,- նշեց «Գեղարեգ» կրթամշակութային  ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը:

Հավելենք նաեւ, որ Գավառում կառուցվում է թատրոն, որի բացումը կլինի սեպտեմբերին: 

Փորձագիտական խումբն օրերս կայցելի մրցույթին այս տարի մասնակցության հայտ ներկայացրած Տավուշի մարզի Իջեւան եւ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքները: Երիտասարդական մայրաքաղաք ընտրելիս ուշադրություն են դարձվում քաղաքների հասարակական կազմակերպությունների եւ քաղաքապետարանի հետ համատեղ ներկայացվող համայնքային, մարզային եւ հանրապետական բնույթի ծրագրերը, ինչպես նաեւ քաղաքի բազմաֆունկցիոնալ կառույցները` հյուրանոցները, տրանսպորտային միջոցները, երիտասարդական ՀԿ-ների ակտիվությունը եւ այլն:

Պատկերասրահ՝ Փորձագիտական հանձնաժողովի այցը Գավառ (2017 թ.)