Նյութը՝ ՀԱՊ, Հանրային կապերից
Լուսանկարները՝ ՀԱՊ, Հանրային կապերից
Տեղադրվել է 22-07-2017
Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը
Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրեր բաժինը արդեն բավական երկար ժամանակ իրականացնում է թեմատիկ ինտերակտիվ էքսկուրսիաներ:

Այս ամենի հիմնական նպատակը մասնակիցներին կերպարվեստի տեսակների, ժանրերի, նյութերի, որոշ տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ հայ եւ այլազգի մեծանուն արվեստագետների մասին ընդհանուր գիտելիքներ հաղորդելն է, արվեստի բնագավառում մասնակցության  փորձառության ապահովումը եւ այլն:

2017 թվականի հունիս եւ հուլիս ամիսներին ազգային պատկերասրահում անցկացվեց ամառային դպրոց ծրագիրը: Շուրջ 100 երեխա /6-14 տարեկան/ մասնակցեց ամառային դպրոց ծրագրի դասընթացներին, որոնք նախատեսված են բացահայտելու ՀԱՊ-ի հավաքածուն եւ աշխարհի առաջատար թանգարաններում ցուցադրվող մեծանուն արվեստագետների գլուխգործոցները, հնարավորություն են տալիս ինքնուրույն ստեղծագործելու, թանգարանային յուրահատուկ միջավայրում գեղագիտական ուսուցում ստանալու եւ բովանդակալից ժամանց անցկացնելու, այդ թվում ֆիլմերի եւ մուլտֆիլմերի դիտումներ, վարպետաց դասեր, ինչպես նաեւ այցելություններ Եղ. Չարենցի արվեստի եւ գրականության թանգարան:

Այսօր ազգային պատկերասրահը ամփոփեց շուրջ երկու ամիս տեւած ամառային դպրոցի արդյունքները՝ մասնակիցները ստացան վկայականներ, մանկական պատկերագրքեր: Երեխաները մեծ ոգեւորությամբ ցանկություն հայտնեցին մասնակցել նաեւ հաջորդ ծրագրերին: