Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 25-07-2017
Փորձագետներն այցելել են Ջերմուկ
«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագետները եւ կազմկոմիտեի անդամները hուլիսի 24-ին այցելեցին Ջերմուկ: Արդեն երկրորդ տարին է, ինչ քաղաքը տարվա երիտասարդական մայրաքաղաք դառնալու հայտ է ներկայացնում:

Հյուրերի առաջին կանգառը քաղաքապետարանն էր, որտեղ նրանց ընդունեց քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Քաղաքապետարանում էին նաեւ Ջերմուկի երիտասարդները: Հարցերի միջոցով փորձագետները փորձեցին ավելի շատ տեղեկություններ ստանալ քաղաքի, բնակչության, Ջերմուկում իրականացված եւ առաջիկա ծրագրերի մասին: 

Ջերմուկի քաղաքապետը մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ խոսեց քաղաքի երիտասարդների, նրանց նախաձեռնությունների եւ ձգտումների մասին. «Մենք մեծ տեղ ենք տալիս երիտասարդներին, մշտապես կապի մեջ ենք լինում, եթե լինում են նախագծեր, առաջարկներ, քննարկում ենք, հասկանում եւ իհարկե սկսում ենք այդ ամենն իրականացնել»:

Ջերմուկում պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Զբոսաշրջային կենտրոն լինելու իրողությամբ պայմանավորված՝ իրականացվում են նաեւ միջազգային ծրագրեր: 

Արդեն մի քանի ամիս է, ինչ երիտասարդները, բառի ուղիղ իմաստով, ուրախ ավտոբուսի մեջ կինոթատրոն են բացել, որտեղ հնարավոր է տեսնել տարբեր ժանրերի ֆիլմեր՝ վճարելով ընդամենը 1000 դրամ: Փորձագետները երիտասարդների ուղեկցությամբ այցելեցին Ջերմուկի երիտասարդական կենտրոն, որտեղ ավելի մանրամասն ծանոթացան կենտրոնի գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին:

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, իսկ ահա հաջորդ հայտատու քաղաքը Իջեւանն է, որտեղ արդեն իսկ սպասում են փորձագետներին:

Հիշեցնենք, որ երիտասարդական մայրաքաղաք ընտրելիս ուշադրություն է դարձվում քաղաքների հասարակական կազմակերպությունների եւ քաղաքապետարանի համատեղ ներկայացվող համայնքային, մարզային եւ հանրապետական բնույթի ծրագրերին, ինչպես նաեւ քաղաքի բազմաֆունկցիոնալ կառույցներին` հյուրանոցներին, տրանսպորտային միջոցներին, երիտասարդական ՀԿ-ների ակտիվությանը եւ այլն:

Պատկերասրահ՝ Փորձագիտական հանձնաժողովի այցը Ջերմուկ (2017 թ.)