Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-07-2017
Այսօր Ընկերության միջազգային օրն է
Միջազգային տոնացույցի մեջ երբեմն անլուրջ, առերեւույթ տոների կողքին քիչ չեն նաեւ խիստ իմաստավորված եւ պատեհ տոները, որոնց շարքին կարելի է դասել նաեւ ընկերների միջազգային օրը: Հուլիսի 30-ին նշվում է «Ընկերության միջազգային օրը», ուստի, եթե ունեք մտերիմ ընկերներ եւ ընկերասեր եք, ապա այսօր ձեր տոնն է:

Օրվա  գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին՝ ՄԱԿ ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը համաձայն մշակութային սովորույթների։

Ընկերության միջազգային օրն ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում, որը չնայած իր երիտասարդ լինելուն  մեծ շուքով է նշվում մի շարք երկրներում: Օրվա  հետ կապված իրականացվում են ընկերության քարոզչությանն առնչվող տարբեր միջոցառումներ:

ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա: 

Ընկերության միջազգային օրվա խնդիրներից է երիտասարդների, ինչպես նաեւ ապագա առաջնորդների ուշադրությունը սեւեռել հասարակական գործունեության վրա, որն ուղղված է տարբեր մշակույթների հարգալից ըմբռնմանը։ Բացի այդ՝ Ընկերության միջազգային օրվա նպատակների թվում երիտասարդության, ինչպես նաեւ առաջնորդների ներգրավումն է հասարակական գործունեության գործընթացին, որը միտված է բազմամշակութայնությանն ու հանդուրժողականությանը: