Նյութը՝
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-07-2017
Հայաստանում ներկայացնելով հայազգի տաղանդներին
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն անցնող ամսվա ընթացքում հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով:

Անցկացրեց միջազգային մասշտաբի մրցույթ-փառատոն, հանդես եկավ յուրօրինակ ծրագրերով: Երեւանյան ամռան յուրահատուկ եւ ամենագունեղ իրադարձություններից էր նվագախմբի համերգը վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովի հետ: 

Համերգային երեկոյի մեկնարկին Երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Վարդան Աճեմյանի 3-րդ սիմֆոնիան լարային նվագախմբի համար: Նվագախումբն անընդմեջ հնչեցնում է հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերն, ավելին՝ ամեն տարի կազմակերպում ու իրականացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որն արդեն 8 տարվա պատմություն ունի: Եվ պատահական չէ, որ համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեց ժամանակակից ստեղծագործողի գործը: Ի դեպ, Երիտասարդականն առաջին անգամ չէ, որ կատարում է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանի ստեղծագործություններից: 

Լարային նվագախմբի համար գրված այս սիմֆոնիան առանձնանում է իր ինքնատիպությամբ եւ, վստահաբար, կոմպոզիտորի լավագույն գործերից է: Քառամաս այս երկը նվիրված է մեր մյուս մեծերից կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին եւ, իսկապես, գեղեցիկ հարգանքի տուրք է ժողովրդական արտիստի հիշատակին: Երիտասարդական նվագախմբի ու Սերգեյ Սմբատյանի՝ Աճեմյանի սիմֆոնիայի մեկնաբանությունն անթերի էր: Ամբողջ երեկոյի ընթացքում ինքը՝ Աճեմյանը դահլիճից ունկնդրում էր իր գործը: Ստեղծագործության ավարտին կոմպոզիտորը բեմ բարձրացավ՝ անձամբ շնորհակալություն հայտնելու իր սիմֆոնիայի կատարման համար՝ արժանանալով անվերջ ծափահարությունների: 

Համերգային երեկոյի երկրորդ բաժնի աստղը հրաշամանուկ Դմիտրի Իշխանովն էր, ով նվագախմբի հետ կատարեց Կաբալեւսկու Դաշնամուրի թիվ 3 (Երիտասարդական) կոնցերտը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Դմիտրի Կաբալեւսկին հեղինակել է երեք կոնցերտ՝ հատուկ երիտասարդ կատարողների համար: Նրա գրած կոնցերտները ճանապարհ են հարթել բազում տաղանդների համար՝ դառնալով երիտասարդ կատարողների այցեքարտը: 12-ամյա Դմիտրի Իշխանովը Կաբալեւսկու եռամաս երկը կատարեց ապշեցուցիչ պրոֆեսիոնալիզմով ու լրջությամբ՝ ի ցույց դնելով իր բոլոր կարողություններն ու վիրտուոզ տաղանդը: Ի դեպ, դաշնակահարը հայտնի է ամբողջ աշխարհում, համերգներով հանդես է գալիս Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Շվեյցարիայում, Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում՝ նվագելով աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ: Չնայած երիտասարդ տարիքին՝ Դմիտրին հասցրել է նվաճել բազում դափնիներ: Rovere D'Oro երիտասարդ տաղանդների միջազգային (2-րդ մրցանակ), 22-րդ պատանի դաշնակահարների միջազգային Citta di Barletta (1-ին մրցանակ), Golden Key դաշնակահարների միջազգային (1-ին մրցանակ), 25-րդ Flame պատանի երաժիշտների միջազգային (1-ին մրցանակ) մրցույթներ. Իշխանովի մասնակցած մրցույթների մի մասն է միայն: 

Հայազգի պատանու համար Հայաստանը յուրահատուկ տեղ ունի. մեր երկրում նա մեծ հաջողությամբ մասնակցել է պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» միջազգային փառատոնին: 

...Երիտասարդական նվագախմբի ու Իշխանովի առաջին համագործակցությունն, անկասկած, հաջողված էր: Համերգային երեկոյի ավարտին պատանի երաժշտին բաց չթողեցին առանց «բիս»-ի: Արտիստի համերգն, անկասկած, ամռան լավագույն իրադարձություններից էր: