Նյութը՝ Անահիտ Մնացականյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-08-2017
Հայկական մշակույթի տարածումը նոր թափ է ստանում Լեհաստանում
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում օգոստոսի 26-ին ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո տեղի ունեցավ հայկական մշակութային երեկո՝ նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին և Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյակին:

Մշակութասեր  լեհական հանրույթը  հնարավորություն ունեցավ  ծանոթանալու հայկական խոհանոցին, նկարչական արվեստի հմտություններին, երգ-երաժշտությանը:

Միջոցառման բացման արարողության սկզբում  իր խոսքով հանդես եկավ «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակակական կազմակերպության նախագահ Կարեն Շահումյանը: Երաժշտական մասնակցությամբ ելույթ ունեցան դաշնակահար Սուրեն Խաչատրյանը, դուդուկահար Հովհաննես Հովհաննիսյանը: 

Հյուրերի թվում էր նաև հայտնի և սիրված դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը:  

Հայկական մշակույթով հետաքրքրվածները ծանոթացան նաև հայկական ժողովրդական պարին, համտեսեցին համեղ փախլավա և հայկական ավանդական այլ քաղցրավենիքներ: 

Տաղանդավոր արվեստագետ Գայանե Շահմուրադյանը ներկայացավ օրիգինալ մտահղացմամբ  և ինդոնեզական բատիկ շքեղ գործվածքը ներկայացրեց հայկական մոտիվներով: Հրավիրված հյուրերը առիթ ունեցան հենց տեղում ներկելու հայկական խորհրդանիշներով շալերը,գլխակապերը և կրելու դրանք:

Նշենք, որ «Հայկական օրեր» միջոցառումներն ավանդական և շարունակական բնույթ են կրում Լեհաստանում:  Վերջին  25 տարիների ընթացքում երկու երկրների միջև ստեղծված  համագործակցությունն ամուր հիմքեր ունի, որոնք հիմնված են մեր հարուստ մշակույթների հանդեպ փոխադարձ հարգանքի վրա: