Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի և նյութի հերոսների ֆեյսբուքյան էջերից
Տեղադրվել է 01-09-2017
Ի՞նչ նշանակություն ունի սեպտեմբերի 1-ը տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդների համար
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը: Սեպտեմբերի 1-ը որպես Գիտելիքի օր հաստատվել է 1980 թվականին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ:

Ինչպես շատ երկրներում, Հայաստանում եւս սեպտեմբերի 1-ը նշվում է մեծ շուքով: Դպրոցականների, ուսանողների եւ կրթական ոլորտի մարդկանց համար սեպտեմբերի 1-ն իհարկե առանձնահատուկ է. նոր ուսումնական տարի, գիտելիքի պաշարի համալրում, նոր բարձունքներ: 



Eritasard.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ առանձնահատկություն ունի սեպտեմբերի 1-ը տարբեր մասնագիտություն ունեցող երիտասարդների համար, որոնց մեծ մասն արդեն ուսանող կամ աշակերտ չէ: 

Անի Մկրտչյան (ատամնաբույժ): Սեպտեմբերի 1-ն ինձ համար իսկապես իրադարձային օր է, որի մեկնարկը տրվում է դեռեւս օգոստոս ամսից: Ես ատամնաբույժ եմ, եւ իմ խնդիրն այն է, որ սեպտեմբերի 1-ին երեխաները, երիտասարդները եւ առհասարակ բոլորն ունենան առողջ ատամներ եւ իհարկե գեղեցիկ ժպիտ: Ոչ աշխատանքային օրեր քիչ եմ ունենում, բայց այս տարի հենց սեպտեմբերի 1-ն է ինձ համար ոչ աշխատանքային, սակայն՝ հաճելի, քանի որ գիտեմ՝ շատերն այսօր աշխատանքիս շնորհիվ անկաշկանդ ժպտալու են: 



Վարուժան Հովսեփյան (ոստիկան): Սեպտեմբերի 1-ին՝ վաղ առավոտից, ուժեղացված հսկողություն ենք իրականացնում: Մնացած օրերից տարբերվում է տոնական տրամադրությամբ, սակայն պետք է նշեմ, որ ոստիկանների համար օրվա տոնական լինելը նշանակություն չունի, քանի որ մենք միշտ զգոն ենք եւ պատրաստ: 

Զարուհի Ալեքսանյան (լուսանկարիչ): Ինչպես բոլորի, այնպես էլ լուսանկարչի սեպտեմբերի 1-ը սկսվում է դպրոցական, ուսանողական տարիների հետ կապված հիշողություններով, իսկ հետո, բնականաբար, սկսվում է աշխատանքային առօրյան: Սեպտեմբերի 1-ը լուսանկարիչների համար իսկապես հաճելի օր է, քանի որ կարողանում ենք ֆիքսել տոնական, հետաքրքիր, երբեմն էլ զավեշտալի կադրեր: Թե՛ փողոցներում, թե՛ դպրոցներում, թե՛ համալսարաններում տիրող տոնական տրամադրությունը լուսանկարչին մղում է ստեղծագործելու, իր լուսանկարներով պատմություն կերտելու: Օրվա գերխնդիրը դառնում է էմոցիաների եւ հույզերի ֆիքսումը: 



Հայկ Համբարձումյան (երգիչ): Անկեղծ ասած, սեպտեմբերի 1-ն ինձ համար սովորական օր է, չի տարբերվում ոչնչով եւ առանձնահատուկ չէ, իսկ ես էլ սովորական մարդ եմ, սակայն միշտ երանությամբ եմ հիշում թե՛ դպրոցական, թե՛ ուսանողական տարիներս: Ես դեռ ամուսնացած չեմ, ուստի եղբայրներիս երեխաներին եմ ճանապարհում դպրոց: Ցանկանում եմ շնորհավորել բոլորին ու անդրադարձի համար շնորհակալություն հայտնել Erit.am-ին:  



Գոհար Մարկոսյան (դեղագործ): Իհարկե օրը սկսվում է հիշողություններով՝ կապված դպրոցական ու ուսանողական տարիների հետ, սակայն երբ կլանվում ես աշխատանքային գործընթացով, հասկանում ես, որ սովորական աշխատանքային օր է, սակայն՝ մի փոքր ծանրաբեռնված: Սեպտեմբերի 1-ով մեզ մոտ ազդարարվում է նաեւ սեզոնային վարակների շրջանի սկիզբը, քանի որ գաղտնիք չէ, որ սեզոնային հիվանդություններն առավել շատ ու արագ տարածվում են ուսումնական հաստատություններում:  



Նարեկ Թադեւոսյան (ցանցային ադմինիստրատոր): Ես վաղուց ուսանող եւ աշակերտ չեմ, բայց իհարկե անմասն չեմ տոնական օրվանից: Մասնագիտական առումով կարող եմ ասել, որ օրը սովորական օր է՝ նույն ծանրաբեռնվածությունը, հագեցած գրաֆիկն ու իհարկե զգոնությունը: 



Տաթեւ Մկրտչյան (իրավաբան): Երբ աշակերտ կամ ուսանող էի, բնականաբար, սեպտեմբերի 1-ն այլ իմաստ ու խորհուրդ ուներ. նոր առարկաներ, նոր գրքեր, տետրեր, ուսուցիչներ, դասախոսներ, նոր ընկերներ, իսկ հիմա լրիվ այլ է. խցանումներ, նյարդային վիճակ, մեքենան կայանելու խնդիր, արձակուրդից հետո աշխատանքային ծանրաբեռնված ռեժիմ: Իրավաբանի համար աշխատանքային օրը մնում է աշխատանքային օր՝ անկախ նրանից՝ տոնական է օրը, թե՝ ոչ: 



Գոհար Միրզոյան (ուսանող): Կրթական հաստատությունների հետ ինչ-որ կերպ առնչվող յուրաքանչյուր մարդու սեպտեմբերի 1-ը տարբերվում է այլ օրերից, եւ ուսանողը բացառություն չէ: Երկարատեւ արձակուրդից հետո այդ օրն ինչ-որ հատուկ տրամադրվածություն եւ հոգեվիճակ է ստեղծում: Պարզապես ուսանողի դեպքում դա այդքան էլ ուժեղ չի դրսեւորվում, որովհետեւ դպրոցական սեպտեմբերմեկյան համերգներն ու տոնը շատ դեպքերում բացակայում են բուհերում: Ես չորրորդ կուրսում եմ սովորում, եւ այս տարի ուրբաթ օրերին, ըստ դասացուցակի, դաս չենք ունենալու, անգամ համալսարան չեմ գնալու: Իմ սեպտեմբերի մեկն այս անգամ ոչնչով չի տարբերվի օգոստոսի 31-ից:



Անահիտ Գեւորգյան (PR մենեջեր): Ցանկացած աշխատանք ունի ժամանակի իր միավորը: PR մասնագետի ժամանակի միավորն ամենափոփոխականն է եւ աշխատում է հասարակության, սպառողի սրտի զարկերին համընթաց: Իսկ օրն ինձ համար ավելի քան հաճելի աշխատանքային է, եւ, ցավոք, սեպտեմբերի 1-ն իր նախկին խենթ նշանակությունը կորցրել է ինձ համար, քանի որ առանց ուսումնական հաստատության, առանց աշակերտի կամ ուսանողի կարգավիճակի այն այլեւս առաջվանը չէ:



Մեզ՝ լրագրողներիս համար օրը հագեցած է գունավոր տրամադրությամբ, որը տիրում է քաղաքում: Եվ առավել հաճելի է լուսաբանել նման տոնական օրը: 



Պետք է փաստել, որ անկախ նրանից՝ այլեւս դպրոցական կամ ուսանող չես, միեւնույնն է, սեպտեմբերի 1-ը մնում է առանձնահատուկ, իսկ առանձնահատուկ դարձնողը հենց հիշողություններն են: 



Հ.Գ.: Նշենք, որ սեպտեմբերի 1-ը ոչ միայն Գիտելիքի օրն է, այլեւ աշնան առաջին օրը: Երեկ՝ օգոստոսի 31-ին, կայացավ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ-2017» եռամսյա միջոցառումների ծրագրի «Ցտեսություն, ամառ» եզրափակիչ միջոցառումը, որն ուղեկցվեց «Դեպի դպրոց» խորագիրը կրող հեծանվավազքով: Հեծանվորդները Մատենադարանից շարժվեցին դեպի Կարապի լիճ, որտեղ էլ կայացավ ուրախ եւ հետաքրքիր ծրագրով համերգային երեկո: Ներկաներն աստղազարդ երկնքի ներքո վայելեցին համերգային ծրագիրն ու ամռան վերջին օրը: 

Պատկերասրահ՝ «Ցտեսություն, ամառ» եզրափակիչ միջոցառումը