Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-09-2017
Բրենդ ու բրենդինգ. կարեւորը «բրենդային» հասկացությունների մասին
«Բրենդն ավելին է, քան գովազդը կամ մարքեթինգը: Բրենդն այն ամենն է, ինչ մարդու մտքին գալիս է այն ապրանքի մասին, որի տարբերանշանը նա տեսնում է կամ լսում է անունը»: Դեյվիդ Ֆ. Դ՛Ալեսանդրո, «Ջոն Հենկոկ» ընկերության գլխավոր տնօրեն

Ի՞նչ է բրենդը 

Բրենդը նյութական եւ ոչ նյութական ակտիվների համակցություն է, որը սպառողների շրջանում ձեւավորում է ընկերության իմիջը, առաջացնում է դրական վերաբերմունք եւ հայտնի է սպառողների մեծ քանակի: Բրենդը գործարանային նշանն է, արտադրողի դրոշմանիշը։ 

Հայտնի է, որ դեռեւս Հին Հռոմում արտադրողները արտադրանքի վրա դնում էին սեփական դրոշմանիշը։ Այդ երեւույթը հատուկ նշանակություն ձեռք բերեց այն ժամանակ, երբ առեւտուրն ընդգրկեց ողջ Եվրոպան եւ տարածվեց դեպի Մերձավոր Արեւելք։ Դրոշմանիշը վկայում էր ապրանքի ինքնության մասին, բացի դրանից՝ այն առավելապես անգրագետ մարդկանց օգնում էր տարբերել անհրաժեշտ ապրանքները։

Արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում ապրանքային նշանը դարձավ ընկերությունների արդյունավետ ակտիվ։ Տնտեսության եւ ապրանքների մատչելիության աճին զուգահեռ՝ անհրաժեշտ էր արտադրողի եւ սպառողի միջեւ ապահովել կապը, որպեսզի վերջինս շուկայում կարողանա ճանաչել անհրաժեշտ ապրանքը։ Ապրանքային նշանի դերը գնալով բարձրանում էր։ Պարզապես նշան լինելուց բացի՝ այն դարձավ կազմակերպության ապրանքի խորհրդանիշ։ Ապրանքային նշանի համբավը սպառողների շրջանում ձեւավորում էր սպասելիքներ՝ կապված ապրանքի հետ։ Ապրանքային նշանը ոչ միայն արտացոլում է ապրանքների ու ծառայությունների որակն ու համբավը, այլեւ ընտրություն կատարելիս սպառողին օգնում է կողմնորոշվել դրանց բազմազանության մեջ։

Բրենդի անվանումը բրենդի ստեղծման հիմնաքարերից մեկն է։ Բրենդը երկու կարեւոր գործառույթ է իրականացնում. ապրանքի որակի երաշխավորն է, գովազդում է ապրանքը, սպառողին որոշակի տեղեկատվություն տալիս դրա մասին:

Նշենք, որ, օրինակ, «Google», «Mercedes-Benz», «Coca-cola», «Fanta» եւ բազմաթիվ այլ անվանումներ շատ հայտնի են աշխարհում, ու մարդիկ արդեն լավ գիտեն, թե ինչ կարելի է ակնկալել այդ անվանումները կրող ապրանքներից, կամ ինչ են դրանք իրենցից ներկայացնում: Միջազգային շուկա նոր մուտք գործողներն էլ մեծ դժվարությունների են հանդիպում իրենց ապրանքները ճանաչելի դարձնելու գործում, եւ այդ դեպքում նրանց օգնության է գալիս ճիշտ բրենդինգը: 

Ի՞նչ է բրենդինգը 

Բրենդինգի կամ ֆիրմային ոճի նպատակը բրենդի հստակ պատկերի ստեղծումն ու հաղորդակցության ուղղության հստակ ձեւավորումն է: Բրենդինգ կատարելու համար նախ պետք է ուսումնասիրություն կատարել առկա շուկայում, հասկանալ սեփական սպառողին, մշակել ռազմավարություն, իսկ բրենդի անունը մշակելիս ընտրել հետաքրքիր եւ տպավորիչ ինչ-որ բան: 

Հաջողակ բրենդների ստեղծման համար կազմակերպությունները պատրաստ են միլիոնավոր գումարներ ծախսել, եւ շատ հաճախ այս կամ այն կազմակերպության հաջողությունն ու հաղթանակը կախված է լինում շատ ճիշտ ընտրված եւ տվյալ կազմակերպության ամբողջ գաղափարախոսությունն արտահայտող բրենդից: 

2017 թվականի աշխարհի ամենաթանկ 5 բրենդներն ըստ «Brand Finance»-ի. 
Առաջին տեղում՝ «Google» 
Երկրորդ տեղում՝ «Apple» 
Երրորդ տեղում՝ «Amazon»
Չորրորդ տեղում՝ «American Telephone and Telegraph» 
Հինգերորդ տեղում՝ «Microsoft»